Մատչելիության հղումներ

«Բարբարոսական ու անթույլատրելի». «Ամբերդ ամրոց»-ի տարածքում շինաշխատանքները դադարեցվել են


Լուսանկարը՝ Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի
Լուսանկարը՝ Քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտում շինարարական աշխատանքները դադարեցվել են, տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն։

Ըստ կոմիտեի ֆեյսբուքյան էջի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները որակել է բարբարոսական ու անթույլատրելի։

«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի` Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Օրեր առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. - «Ոմն Մանուկ Մանուկյան, ով, հանկարծ չուշաթափվեք՝ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է, սեփականաշնորհել է Հայաստանի ամենաբացառիկ մշակութային կոթողներից մեկի՝ Ամբերդի պահպանման գոտու տարածքը, տրակտոր ու ծանր տեխնիկա լցրել և որոշել էր Ամբերդի քթի տակ սեփական բիզնես օբյեկտը բացել, որը կոչվելու էր «Ամբերդ Թոնիր»։ Ինչպես պատմեցին հարակից գյուղերի բնակիչները, Մանուկի տրակտորն արդեն հասցրել է ոչնչացնել բազմաթիվ հնեաբանական գտածոներ, որովհետև տրակտորի «քաղհան» արված հատվածներում դուրս են եկել խեցեղենի կտորներ, սափոր, տապանաքարերի կտորներ և մարդկային ոսկորներ։ Ո՞վ է Մանուկ Մանուկյանին տվել սեփականության այդ իրավունքը՝ ոչ ոք չգիտի։ Չգիտի նաև Բյուրականի համայնքապետը, ով միայն հիշում է, որ Մանուկը սեփականության վկայական հաստատ ունի։ Ի դեպ, երբ մի քանի օր շարունակ ծանր տեխնիկան Ամբերդի պահպանման գոտում վանդալիզմ էր իրականացնում, Բյուրականի համայնքապետը տեղյակ չի եղել, որովհետև իրեն ոչ ոք այդ մասին չի ասել»։

Զոհրաբյանը հույս էր հայտնել, որ «Մշակույթի դեռևս գործող նախարարությունը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդհանրապես կկասեցնի աննախադեպ այս վանդալիզմը»։

«Սա առաջին։ Երկրորդ՝ հույս ունենանք, որ կառավարությունը շատ արագ կպարզի, թե ո՞վ է Մանուկ Մանուկյանին «շնորհել» սեփականության այդ իրավունքը։ Եվ երրորդ՝ թե՛ սեփականության իրավունք տվողը և թե՛ Մանուկ Մանուկյանը օրենքի առաջ կկրեն իրենց պատասխանատվությունը։ Իսկ Արագածոտնի մարզպետին չէր խանգարի, որպես սկիզբ՝ ազատել Մանուկ Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից», - գրել է Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG