Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Այդ երեք անձանցից մեկը, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, «Ավան վարչական շրջանի կրթության և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ա. Գասպարյանն է՝ ծնված 1983թ., մյուսը՝ նույն վարչական շրջանի աշխատակազմի ԵՀՀ բաժնի առաջին կարգի մասնագետ Կ. Տոնոյանը՝ ծնված 1985թ., իսկ երրորդը՝ Երևանի քաղաքապետարանի ՀԿՊԾ տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Է. Պետրոսյանը՝ ծնված 1985թ.»: Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-164-րդ հոդվածի 3-րդ մասով` «հանցակցություն լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով», իսկ Պետրոսյանին և Տոնոյանին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել էին Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները, ինչպես նաև խոչընդոտել «Հանրային Ռադիո»-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը։ Զանգվածային անկարգությունները, ըստ ՔԿ-ի, կազմակերպվել էին նշված օրը «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության «խաղաղ հավաքներին մասնակցելու և հավաքված անձանց ազատ տեղաշարժման իրավունքները սահմանափակելու, Երևան քաղաքի Կենտրոն ուղևորվող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ»:
Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները տե՛ս այստեղ