Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի կինը շոու է որակում ԱԱԾ տեսանյութը


Նազիկ Ամիրյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը դատարանում պատասխանում է լրագրողների հարցերին, 2-ը մայիսի, 2019թ.
Նազիկ Ամիրյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կինը դատարանում պատասխանում է լրագրողների հարցերին, 2-ը մայիսի, 2019թ.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը շոու է որակում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած տեսանյութը Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվածի մասին։

«Կադրերը... շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա՝ դատարանում», - դատարանում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ամիրյանը։

Դիտարկմանը, թե իրենց տանը ԱԱԾ-ն զենք-զինամթերք էր նաև հայտնաբերել, Ամիրյանն այսպես արձագանքեց. - «Շատ կներեք, այդ զենք-զինամթերքը բոլորն օրինական են»։

Նազիկ Ամիրյանը նշեց՝ «հերոսը չի սողում»։ «Հերոսը չի սողում, եթե իրենց թվում է, թե պետք է չորեքթաթ գնա, ավելի լավ է թող իրենք գնան», - ասաց Գրիգորյանի կինը։

Նշենք, որ այսօր ընթանում էր Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստը։ Դատարանը քննեց և որոշեց Գրիգորյանի կալանքը թողնել անփոփոխ։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ ԱԱԾ-ն սրա վերաբերյալ տեսանյութ էր տարածել։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG