Մատչելիության հղումներ

Մոսկվան պաշտոնանկ արեց Մինսկում Ռուսաստանի դեսպանին


Միխայիլ Բաբիչ, արխիվ
Միխայիլ Բաբիչ, արխիվ

Մոսկվան ի վերջո տեղի տվեց Բելառուսի իշխանությունների ճնշմանը` երեքշաբթի երեկոյան հայտարարելով Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչի պաշտոնանկության մասին:

Նրան այս պաշտոնում կփոխարինի Իրկուտսկի նախկին նահանգապետ Դմիտրի Մեզենցևը:

Բաբիչը դեսպանի պաշտոնում աշխատեց ընդամենը 9 ամիս: Նա Մինսկում Ռուսաստանի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ի օգոստոսին:

Բաբիչի կարճատև պաշտոնավարումն աչքի ընկավ անվերջ սկանդալներով, որոնց հիմնական պատճառը Մինսկի և Մոսկվայի միջև առկա տնտեսական տարաձայնություններն էին, կամ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող, այսպես կոչված, «հարկային մանյովրը», որի արդյունքում Մինսկը բազմամիլիարդ տնտեսական կորուստներ է կրում:

Դեսպան Բաբիչը ոչ միայն չէր փորձում հարթել առկա տարաձայնություններն, այլ իր կոշտ, ոչ դիվանագիտական հայտարարություններով ավելի էր լարում կրքերը:

Տեղական աղբյուրների պնդմամբ, Լուկաշենկոյի վարչակազմին խիստ նյարդայնացնում էին ոչ միայն Բաբիչի կտրուկ հայտարարություններն, այլև նրա մարզային այցերը, շփումները քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն գործընթացներին նոր թափ հաղորդելու նրա կոչերը:

Մի պահ Բաբիչի և Բելառուսի արտգործնախարարության հարաբերություններն այն աստիճան սրվեցին, որ պաշտոնական Մինսկը Ռուսաստանի դեսպանին «անկախ պետության և դաշնային օկրուգի միջև տարբերությունները չնկատելու» հրապարակային մեղադրանք ուղղեց: Այսպիսով Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունն ակնարկում էր Բաբիչի նախկին պաշտոնը. նախքան Մինսկ գործուղվելը Միխայիլ Բաբիչը Մերձվոլգյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչն էր:

Բաբիչի պաշտոնանկությանը նախորդող օրերին Ռուսաստանի դեսպանին ուղղված քննադատությունից զերծ չէին նաև Բելառուսի իշխանամետ լրատվամիջոցները:

Ապրիլի 20-ին՝ պատասխանելով պետական լրատվամիջոցների լրագրողների հարցերին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշում էր. - «Նրանք այդ դեսպանի հետ առկա խնդիրներն այնտեղ կլուծեն, ես վստահ եմ: Ռուսաստանը հին, լավ ավանդույթներով պետություն է, որը շատ լավ պատկերացնում է, թե այս կամ այն դեսպանն ինչ պահվածք պետք է դրսևորի: Դա Ռուսաստանի դեսպանն է և Ռուսաստանն էլ նրա հետ հարցերը կլուծի»։

Նրա այս հայտարարությունից ընդամենը 10 օր անց Միխայիլ Բաբիչը հեռացվեց Բելառուսում Ռուսաստանի Դաշնության դեսպանի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG