Մատչելիության հղումներ

Վերլուծաբան․ Փաշինյանը փորձում է օգտագործել լեգիտիմության պաշարը


«Ազատության» տաղավարում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Ազատություն»․ - Չորս տարուց ավելի Եվրասիական տնտեսական միությունը գործում է: Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ռուսաստանը շարունակաբար անհավասար պայմաններ ստեղծում:

Հակոբ Բադալյան․ - Թերևս հենց Եվրասիական տնտեսական միության ստեղծման ռուսական գաղափարը երևի ավելի շատ հենց այդ անհավասարությունը ընդգծելու համար ստեղծված գաղափար էր: Ռուսաստանը հենց դրանով նաև փորձում է ցույց տալ աշխարհաքաղաքական առումով, որ ինքը հետխորհրդային տարածքում գերակա դիրք ունեցողն է, և այստեղ աշխատում են միայն իր աշխարհաքաղաքական պլանները, և չի կարող խոսք լինել որևէ հավասարության մասին Ռուսաստանի և հետխորհրդային երկրների միջև: Գաղափարը ԵԱՏՄ-ի հենց ինքնին դա ընդգծելու նպատական ունեցող գաղափարներից մեկն էր, և կարծում եմ, հետագա շարունակության մեջ Ռուսաստանի դրսևորումները՝ անընդհատ ցույց տալ իր գերակայությունը, իր դիրքերը պահպանել, սրա տրամաբանական շարունակությունն են, այդ թվում՝ նաև էներգակիրների հարցում:

«Ազատություն»․ - Նախկին իշխանությունը ուղիղ և հրապարակային հարցերը, այդ թվում գազի գինը, չէր դնում: Այս գործելաոճը Փաշինյանի, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կօգնի խնդրի լուծմանը:

Բադալյան․ - Նախկին իշխանության վարքագիծը իհարկե պայմանավորված էր այդ իշխանության բնույթով: Այսինքն՝ լեգիտիմության գրեթե զրոյական պաշարը թույլ չէր տալիս հրապարակավ դնել հարցեր, և բոլոր հարցերը Ռուսաստանի հետ քննարկվում էին կուլիսային մակարդակում, ինչքան որ հնարավոր էր, լուծումները փնտրվում էին այդ պայմաններով: Եվ հիմնականում, որպես կանոն, Հայաստանը ինչ-որ բան զիջում էր, կարևոր մի բան զիջում էր մեկ այլ հարցում որևէ բան ստանալու դիմաց: Սա շատ տրամաբանական է և այլ կերպ չպետք է որ լիներ: Լեգիտիմ իշխանությունը պետք է խնդիրները, Հայաստանի շահերը բարձրաձայն ներկայացնի: Եվ այդ տեսանկյունից, կարծում եմ, Փաշինյանը փորձում է օգտագործել հենց լեգիտիմության պաշարը: Եթե «երկաթը տաք-տաք չծեծվի» այս տարբերակով, ապա հետագայում շատ ավելի դժվար է լինելու ձևավորել այն օրակարգը, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների, որը պետք է հիմնվի իշխանության լեգիտիմության ուժի վրա: Այս տեսանկյունից էլ հասկանալի է Երևանի վարքագիծը՝ անմիջապես ձեռնամուխ լինել ուժեղ դիրքերից հայ-ռուսական օրակարգը վերափոխելուն, հարաբերության բնույթը փոխելուն: Ինչպես կստացվի՝ սա այլ հարց է, որովհետև կախված է բազմաթիվ գործոններից: Նաև՝ հենց Ռուսաստանի հանգամանքից, Ռուսաստանի ներսում տարբեր թևերի և ուժերի բածումներից, որովհետև, ես կարծում եմ, Ռուսաստանի ներսում էլ կան թե՛ Կովկասի, թե՛ Հայաստանի հետ հարաբերության վերաբերյալ տարբեր պատկերացնումներ ունեցող թևեր, որոնք տարբեր կապեր ունեն ընդհուպ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Սա իսկապես շատ բազմաշերտ և բազմաբնույթ խնդիր է, որի լուծումները բավական ժամանակ և աշխատանք պահանջող են:

«Ազատություն»․ - Այսինքն, Ձեր կարծիքով, հարցերը պետք է բարձրացվեն հրապարակային․․

Բադալյան․ - Ես կարծում եմ, դա պետք է լինի նոր Հայաստանի ուժը: Հասկանալի է, որ բոլոր հարցերը չէ և հարցերի բոլոր ասպեկտները չէ, որ հրապարակավ կբարձրաձայնվեն: Բայց եթե Հայաստանը իր շահերը, իր խնդիրները, իր հետաքրքրությունները ի զորու չէ հրապարակավ օրակարգ բերել եվրասիական ինտեգրացիոն այդ նախագծերում և հայ-ռուսական հարաբերությունում, ապա այստեղ կարող է հարց առաջանալ՝ այդ դեպքում սկզբունքորեն ի՞նչն է փոխվում, օրինակ, արտաքին քաղաքականության ոճի առումով: Որովհետև արտաքին քաղաքականության մեջ բովանդակային, վեկտորային փոփոխություններ չանելու մոտեցումը շատ հասկանալի է, բայց պետք է նաև համաձայնել, որ ոճի փոփոխությունը պետք է անխուսափելի լինի՝ եթե Հայաստանում իշխանության բնույթն է փոխվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG