Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:
Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020 թվականի ծրագիրը:
Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:
Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը: