Մատչելիության հղումներ

«Սպայկա» ընկերության տնօրենը կմնա կալանավորված


«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյան, արխիվ

Գյուղմթերքի խոշորագույն արտահանող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Ղազարյանի պաշտպանների ներկայացրած բողոքն ու նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

«Սպայկա» ընկերության տնօրենն ապրիլի 8-ին է կալանավորվել։

Վերաքննիչի որոշումը պաշտպանական կողմը որակում է որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ։ Պաշտպան Արսեն Սարդարյանի խոսքով՝ նման եզրակացության են եկել, քանի որ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու հարկերը չվճարելու վերաբերյալ հաշվարկին։

«Փորձագետներն ուղղակի ասել են՝ այս տեղեկանքում իրար ճի՞շտ է գումարած, թե՞ սխալ, այսինքն՝ մեկին գումարած մեկ երկո՞ւս է, թե՞ ոչ։ Փորձագետի եզրակացությունն, ըստ էության, դրան է վերաբերում։ Այս գործընթացին մեր պաշտպանական թիմը մասնակից չի եղել, մեր աուդիտոր հաշվապահները չեն ընդգրկվել, որպեսզի մենք հասկանանք՝ իրականում պետությանը պատճառված վնաս առկա՞ է, թե՞ առկա չէ», - նշեց Արսեն Սարդարյանը։

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։ ՊԵԿ նախագահն էլ հայտարարել էր՝ «Սպայկա»-ն 7 միլիարդ դրամից ավելի հարկ պետք է փոխանցի, քանի որ հայտարարված գումարը միայն մեկ տարվա ստուգումների արդյունքն է։ Պաշտպան Սարդարյանի խոսքով՝ եթե հիմնավորված լինի մեղադրանքը, «Սպայկա»-ն պատրաստ է վճարել հարկերը։

«Պարոն Ղազարյանը ասում է՝ «եթե մասնագետները, ում ես վստահում եմ, ներգարավվեն գործընթացին, ասեն՝ այստեղ այսքան հարկ է, ես, ըստ ընկերության կարողությունների, կասեմ՝ որ ժամանակահատվածում կարող եմ այդ գումարը մարել», - ասաց Սարդարյանը։

Ըստ պաշտպանական կողմի՝ ոչ միայն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերն են բացակայում, այլև նրա կալանավորումը լուրջ տնտեսական ճգնաժամ կարող է առաջացնել «Սպայկա» ընկերությունում։

«Նրա կալանավորումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, այսինքն՝ բիզնեսը չկարողանա շարունակի իր գործունեությունը», - ընդգծեց Ղազարյանի փաստաբանը։

Գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ գործադիրը կօժանդակի «Սպայկա»-ին, եթե ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունենա։ Ընկերությունում կառավարության ներկայացուցչի հայտարարությունն անիրատեսական են համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG