Մատչելիության հղումներ

Գործադիրը կօժանդակի «Սպայկային», եթե ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունենա


Գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի խոսքով՝ դրա համար նախարարությունն ունի հատուկ ծրագրեր ու ֆինանսական միջոցներ։

Գևորգյանը վստահեցնում է, թե կառավարությունը «Սպայկային» վնասելու և դրա փոխարեն այլ խաղացողների դաշտ մտցնելու նպատակ չունի․ - «Ինչ մնում է կոնկրետ «Սպայկայի» արտահաման ծավալներին, որովհետև մամուլում բազմաթիվ թվեր էին շրջանառվում, մենք հայտարարեցինք, որ դա կազմում է մեր հայկական պտուղ-բանջարեղենի, թանկ պտուղ-բանջարեղենի մասին է խոսքը գնում, 20 տոկոսը, բայց դա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չի, դա չի նշանակում՝ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկայի» փոխարեն մթերելու համար», - նշեց Գեղամ Գևորգյանը։

«Սպայկան» հայտարարել էր, որ տնօրենի կալանավորումից ու ավելի քան 7 միլիարդ դրամի հարկերից խուսափելու մեղադրանքից հետո արտասահմանյան բանկերը ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց են սկսել։ Ըստ ընկերության հաղորդագրության, դրա հետևանքով կարող են սառեցվել իրենց հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը։ «Սպայկայից» հայտնել էին, որ նման պայմաններում չեն կարող կազմակերպել նախապես պլանավորած մթերումը մոտ 80 համայնքներում։

«Սպայկայի» զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չեն պատկերացնում, թե ինչպես է կառավարությունն իրենց օժանադակելու, երբ խնդիրներ առաջանան։

Բաղդասարյանը գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի ասածն անիրատեսական է համարում․ - «Ի՞նչ է նշանակում ֆինանսական օժանդակություն: Ֆինանսական օժանդակությունը տրամադրում է ոչ թե կառավարությունը, այլ բանկերը, որովհետև բանկերում մենք խնդիր ունենանք, շրջանառու միջոցները բանկերում խնդիր ունենան՝ բնականաբար, կառավարության տրամադրած միջոցները չեն կարող մեզ հասնել։ Կառավարությունը գումար չի տալիս առանձին ընկերությանը, նա տալիս է այլ բանկերի միջոցով, այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով, մեր մտավախությունը ի սկզբանե եղել է հենց դա»։

Գյուղատնտես, փորձագետ Հարություն Մնացականյանը ընդգծում է. - «Եթե իրենք չմթերեն, հաստատ շուկան կփորձեն ուրիշ ընկերություններ գրավել»։

Մնացականյանի դիտարկմամբ՝ եթե «Սպայկան» մթերում չիրականացնի 80 համայնքում, կառավարության անմիջական ներգրավմամբ հարցը կարող է լուծվել այլ մթերող ընկերությունների օգնությամբ, սակայն ծավալները նույնը լինել չեն կարող, ավելի քիչ կլինեն։

Ամեն դեպքում, փորձագետը հավանական չի համարում, թե «Սպայկան» կարող է դադարեցնել մթերումները․ - «Փորձում են սպառնալիքի ձևով ինչ-որ իրենց նախապայմանները թելադրեն, որպեսզի կարողանան տնօրենին թույլ չտալ ենթարկվի կալանավորման»։

«Սպայկայից» այսօր տեղեկացրին, որ ընկերությունն ամեն ինչ անում է, որ մթերումները պլանավորվածի պես իրականացվեն։

Մինչ այդ, գյուղացիներն արդեն սկսել են գարնանային աշխատանքերը։

«Սպայկան» մթերումներ է իրականցնում նաև Արարատի մարզի Շահումյան համայնքից։ Գյուղացիներն ասում են՝ իրենց չի մտահոգել մթերումների հնարավոր դադարեցման վերաբերյալ «Սպայկայի» հայտարարությունը։

«Մենք հասկանում ենք ինչի են արել էդ հայտարարությունը՝ պետությանը խաբել են, հիմա էլ էդ հայտարարությունն են անում, որ ժողովրդին հանեն՝ իրանց օգնեն, որ իրանց վրայից էս բանը դուրս բերեն, բայց էդ շանտաժ ա, էլի։ Հետո ժողովրդին գցում են կրակը, ինչի՞ համար։ Քո հարցերը դու գնա, լուծի, ինչի՞ ես ժողովրդին գցում կրակը», - ասաց գյուղացիներից մեկը։

Շահումյանցի Գևորգին այս պահին ավելի շատ այլ բան է մտահոգում՝ բերքառատ տարի լինի, բնական տարերքները ծիրանի այգիները չվնասեն։

Վստահ է՝ մթերումը կիրականացնեն, եթե անգամ «Սպայկան» չլինի․ - «Աշխատել ա «Սպայկան» լավ ձևով, նորմալ, չի մնացել բերքը: Բայց մյուս դեպքը, որ հիմա վատ զգանք, որ «Սպայկան» ավազակ է եղել կամ ինչ բաներ ա արել, որ պիտի պատասխան տա, որ կամ ինքը պիտի էլ չլինի, ոչինչ, վաղը մի ուրիշը կլինի։ Էս էն բերքն ա, որ արտասահմանցին կգա, կտանի»։

Գյուղատնտեսության նախարարությունը մոտակա տարիներին ծրագրում է կրկնապատկել միրգ-բանջարեղենի արտահանումը, իսկ դրա համար, ըստ նախարարության, անհրաժեշտ է նոր 4 խոշոր լոգիստիկ ընկերություն։

«Ոչ թե պետք է խոսքը գնա այս կամ այն ընկերության տեղը գրավելու, այլ շուկայում բացը լրացնելու մասին, որովհետև մենք իրապես ունենք շուկայում անհրաժեշտություն նոր կազմակերպությունների», - նշեց Գեղամ Գևորգյանը։

Փորձագետ Հարություն Մնացկականյանը ևս կարևորում է ոլորտի ազատականացումը։ Ասում է, որ պետք է հնարավորություն ստեղծվի մյուս ընկերություններին ևս գործունեություն ծավալել նաև շուկայի ներսում, քանի որ նման ընկերությունների բացակայությունն անկառավարելի է դարձնում դաշտն ու գնային քաղաքականությունը։

«Նաև օգտակար կլինի գյուղացիներին, որովհետև նման կազմակերպությունները իրենք կներկայացնեն հայտը, պատվերը, և որոշ կուլտուրաների գերարտադրություն, որոշ կուլտուրանների թերարտադրություն չի լինի, ինչպես եղավ անցած տարի, որ օգոստոսին պոմիդորի գինն էր 400 դրամ, ինչը դեկտեմբերին ջերմատնային տնտեսությունները նույնիսկ այդ գնով չէին առաջարկում, և ամեն ինչ կհարթեցվի և ցիվիլ առևտուրը կբերի գյուղատնտեսության զարգացմանը նաև», - ասաց Մնացականյանը։

Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների, բացի «Սպայկայից», գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվում են նաև «Մավաս ագրո», «Սֆիթ ֆրութս», «Ֆրեշ ֆրութ» «Գրին ֆարմեր», «Ֆուդ իմպորտ», «Բեստ Ֆրութ» ընկերությունները։ Դրանցն է շուկայի մոտ 80 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG