Ղազախստանում երեկ ուշ երեկոյան երկրորդ անգամ են դատել ակտիվիստ Ռոման Զախարովին, ով Սահմանադրությունը հիշեցնող պաստառ էր ամրացրել Ալմաթիի կենտրոնում՝ կամուրջներից մեկին:
Նախօրեին այս արարքի համար ակտիվիստի նկատմամբ հնգօրյա կալանք էր սահմանվել, երեկոյան ժամը 10-ին, սակայն, դատարանը նոր նիստ է գումարել ու նրան ազատ արձակել վարչական տուգանքի դիմաց: Ընդ որում, գործը վերանայվել է մեղադրող կողմի՝ դատախազության միջնորդությամբ:
Զախարովը պաստառին մեջբերել էր Սահմանադրության հոդվածը՝ պետական իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է:
Անցած շաբաթ էլ ձերբակալվել էին մի խումբ այլ ակտիվիստներ, որոնք Ալմաթիում՝ վազքի մարաթոնի ժամանակ, պաստառ էին պարզել՝ ազատ ու արդար ընտրությունների պահանջով:
Ղազախստանը մոտ երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը անցած ամիս անակնկալ հրաժարական ներկայացրեց նախագահի պաշտոնից, հունիսի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններում իշխող կուսակցությունը միաձայն առաջադրել է նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը: