Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS ամերիկյան հեռուստաընկերությանն ասել է, որ Միացյալ Նահանգներն ընտրել է առճակատման ուղին:
«Մենք հակամարտություն չենք ուզում, մենք դիմադրում ենք: Մենք չենք ենթադրում, թե Դոնալդ Թրամփը հակամարտության է ձգտում, սակայն մենք գիտենք, որ նախագահին շրջապատող մարդիկ նրան դրդում են դա անել», - ասել է Զարիֆը:
Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը հետզհետե ավելի խիստ պատժամիջոցներ է սահմանում Թեհրանի նկատմամբ և ստիպում է պատասխան քայլերի դիմել:
Հնարավոր տարբերակներից մեկը բավական մտահոգիչ հեռանկար կստեղծի: Իրանական պետական մամուլի փոխանցմամբ, Զարիֆն ասել է, որ Իսլամական հանրապետությունը կարող է դուրս գալ միջուկային զենքի չտարածման միջազգային պայմանագրից:
«Մենք ունենք մի քանի տարբերակ, դրանց թվում է նաև չտարածման պայմանագրից դուրս գալը», - նշել է Զարիֆը:
Մինչդեռ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամադ Բաղերին երեկ ասել է, որ «թշնամական գործողությունների շարունակման դեպքում Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը»:
Դա այլևս շատ լուրջ մարտահրավեր կլինի, քանի որ այդ նեղուցով է փոխադրվում Մերձավոր Արևելքում արդյունահանվող հում նավթի զգալի մասը:
«Մենք դա չենք ցանկանում, բայց եթե թշնամական գործողությունները շարունակվեն, մենք կարող ենք դա անել: Եթե մեր նավթը չի գնալու այդ նեղուցով, թող այլոց նավթն էլ չգնա», - ասել է գեներալը:
Անցյալ տարի դուրս գալով 2015 թվականին Իրանի հետ միջազգային գերտերությունների կնքած միջուկային պայմանագրից՝ ԱՄՆ-ը վերականգնել և խստացրել է պատժամիջոցները:
«Թեհրանի վաճառած նավթի ծավալը պետք է հասցնել զրոյի», - հայտարարել է Վաշինգտոնը և պատժամիջոցները տարածել իրանական նավթի գնորդների վրա:
Բայց այն ժամանակ ամերիկացիները կես տարով բացառություն են արել 8 երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թայվանի համար:
Եվ ահա անցած երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը, Չինաստանը և Թուրքիան այլևս այդ պատեհությունից չեն օգտվի:
Վաշինգտոնը հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունն առնվազն 10 միլիարդ դոլարի վնաս է կրել:
Թեհրանում համոզված են, որ ամերիկացիները կշարունակեն այդ քաղաքականությունը:
Եթե Իրանն իսկապես փակի Հորմուզի նեղուցը, դա անմիջապես մեծ խուճապ կստեղծի նավթի միջազգային շուկայում:
Նախ անխուսափելիորեն կբարձրանա հումքի գինը, ինչը կարճատև հեռանկարում շահավետ կլինի Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի, ինչպես նաև աշխարհի այլ մայրցամաքներում նավթ արդյունահանող երկրների համար:
Բայց նեղուցի փակումը կդառնա աշխարհքաղաքական այնպիսի մի դրամատիկ զարգացում, որը տեսականորեն կարող է հանգեցնել նույնիսկ ռազմական առճակատման:
«Մենք համոզված ենք, որ մեր նավթը պետք է փոխադրվի նեղուցով: Բաց նեղուց և ոչ մի խոչընդոտ՝ դա բխում է մեր ազգային անվտանգության շահերից: Սակայն եթե Ամերիկան փորձի խենթ քայլերի դիմել և մեզ զրկել մեր նավթը վաճառելու հնարավորությունից, պետք է գիտակցի, որ կլինեն հետևանքներ», - ասել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը: