Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել կաշառառության համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ազգային անվտանգության ծառայությունում ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է օգտագործել, սպառնացել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու համար, և պահանջել ու 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար որպես կաշառք շորթմամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 4 միլիոն 265 հազար 800 դրամին համարժեք գումար, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
«Ապրիլի 26-ին հերթական կաշառք-գումարը՝ 200 հազար դրամի չափով, փոխանցվել է ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո օպերլիազորը բերման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:
Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով «պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» համար սահմանված է ազատազրկում՝ 7-ից մինչև 12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: