Մատչելիության հղումներ

Իրանի ԶՈւ ԳՇ պետ․ Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը


Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաքերի, արխիվ

Իրանի բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, եթե Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը հասնի այն մակարդակի, որ դրանից հնարավոր չլինի խուսափել։

Գեներալ Մոհամադ Բաքերին երեկ Թեհրանում հայտարարել է, թե Իրանը «մտադիր չէ» փակել նավթի տարանցման միջազգային կարևորագույն այս ուղին, բայց եթե իրանական նավթը այդ ուղով չի անցնելու, որևէ այլ երկրի նավթ չի կարող անցնել։

«Ներկայումս բոլոր նավերը նեղուցով անցնելիս պետք է պատասխանեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հարցերին», - ասել է նա՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգների ռազմանավերը այդ պահանջին ենթարկվել են, և երբևէ խնդիր չի ծագել։

Պարսից և Օմանի ծոցերը կապող Հորմուզի նեղուցի նավարկուղիների մեծ մասը Օմանի ջրային տարածքում են։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ ՄըքՔենզին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ունի «անհրաժեշտ ռեսուրսներ», որպեսզի թույլ չտա Իրանին «վտանգավոր» գործողություններ իրականացնել Պարսից ծոցի տարածաշրջանում։

Այս ամիս Վաշինգտոնը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասել է ահաբեկչական խմբավորումների շարքում և է՛լ ավելի է խստացրել Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ մայիսի 1-ից առանց բացառության պատժամիջոցներ կկիրառի Իրանից նավթ արտահանող ցանկացած երկրի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG