Մատչելիության հղումներ

Հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում


Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալները Դեյր էզ-Զոր նահանգի Բաղոուզ գյուղում, 20-ը մարտի, 2019թ․
Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալները Դեյր էզ-Զոր նահանգի Բաղոուզ գյուղում, 20-ը մարտի, 2019թ․

«Սիրիայի հյուսիսում Ամերիկայի աջակցությունը վայելող քրդերի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում հայկական զորախումբ է ստեղծվել, առաջին անգամ՝ ներքաղաքական պատերազմի ութ տարիների մեջ», - հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ Սիրիայի քաղացիական պատերազմին հետևող Syrian Civil War Map-ը , իր հերթին, փոխանցում է, որ զորախմբում մոտ հինգ տասնյակ զինվոր կա:

«Մենք կշարունակենք մեր նահատակների ճամփան և կպայքարենք այնքան, մինչև որ էթնիկ բոլոր խմբերը Սիրիայի հյուսիսում և արևելքում կլինեն ազատ և կստեղծեն ապակենտրոնացված Սիրիա», - ըստ «Ամերիկայի ձայն»-ի, հայտարարել է զորախմբի հրամանատար Մասիս Մութանյանը՝ հավելելով․ - «Ժամանակն է, որ Սիրիայում ստեղծվի իրական հայկական զորախումբ»:

2011-ից շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում Սիրիայի հայկական համայնքը հիմնականում չեզոքություն էր պահպանում, տեղի հայերը գնահատական չէին տալիս ներքաղաքական ճգնաժամին, խոսելիս էլ զգուշավորությամբ աջակցում էին նախագահ Ասադին: Հայկական զորախումբը, սակայն, հիմա հանդես է գալու Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի շարքում, ինչով, ըստ փորձագետների, քրդերը հատուկ ուղերձ են հասցեագրում Սիրիայի նախագահին: «Մոբիլիզացնելով հայկական զորախումբ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը փոխանցում են Ասադին, որ նրանք մտադիր են մնալ են այդ տարածքներում, և որ Սիրիայի ամենաառանցքային համայնքներից մեկը ճանաչում է այդ փաստն ու միանում Սիրիայի դեմոկրատական ուժերին», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի փորձագետ Նիկոլաս Հերասը:

Քրդերի հրամանատարության տակ գործող դաշինքը, որի շարքերում արաբներ, ասորիներ ու այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան, մի քանի տարի է՝ Արևմուտքի աջակցությամբ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Վերջին հաղթանակը արձանագրվեց անցած ամիս, հաղորդվեց, որ քրդերին հաջողվել է ազատագրել ահաբեկչական խմբավորման միջնաբերդը համարվող Բաղոուզ բնակավայրը: Առաջխաղացումը որքան ոգևորիչ էր արևմտյան դաշնակիցների համար, նույնքան էլ մտահոգեց հարևան Թուրքիային, որը զգուշանում է իր սահմանի մոտ ամրապնդվող քրդական ներկայությունից: Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցությանը հարող ահաբեկիչներ և պնդում, թե երբեք չի հաշտվի նրանց ներկայության հետ իր սահմանների մերձակայքում:

The Washington Post-ը գրել էր, որ վերջին օրերին ամերիկացի ու թուրք զինվորականները քննարկել էին քրդական բնայավայրերի մոտ՝ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը, սակայն համաձայնության չէին եկել՝ խորը տարաձայնությունների պատճառով: «Այս պահի դրությամբ, կողմերից որևէ մեկը չի համաձայնում զիջումների գնալ, քանի որ թե՛ Թուրքիան, թե՛ Սիրիայի քրդական ուժերը իրավիճակը դիտարկում են որպես կենաց-մահու պայքար», - «Ամերիկայի ձայն»-ին ասել է Նիկոլաս Հերասը:

Ի դեպ, քրդական ռազմական դաշինքի կազմում հայկական զորախումբը իր, այսպես ասած, երդման արարողությունը կազմակերպել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG