Մատչելիության հղումներ

«Ցանկացած իրադարձության գնահատականը տալիս է ժամանակը»․ Արմեն Սարգսյան


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում վերհիշել է անցած տարվա իրադարձությունները և խոսել Քաղաքացու օրվա մասին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված: Այն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի ապրիլի 28-ին՝ ժամը 20:00-ին:

Թամրազյան․ - Պարո՛ն Նախագահ, շատ շնորհակալ եմ այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Ես հիշում եմ՝ վերջին անգամ մենք մեր հարցազրույցը անգլերեն լեզվով էինք վարում, բայց այսօր հայերեն ենք զրուցելու: Եթե կարելի է՝ սկսեմ հենց այս Թավշյա հեղափոխության տարեդարձի մասին հարցով: Եթե հետադարձ հայացքով վերհիշեք այդ օրերը, ի՞նչ դրվագ կարող եք առանձնացնել, ո՞րն է այն հիշարժան պահը, որ կուզենայիք կիսվել մեր հեռուստադիտողի, մեր ռադիոկայանի հետ:

Սարգսյան․ - Դժվար հարց եք տալիս, որովհետև իմ ընտանիքի անդամները և կինս՝ Նունեն, շատ լավ գիտեն, որ ես անցյալին վերադառնալ շատ չեմ սիրում, նույնիսկ տարեդարձներ նշել չեմ սիրում, նույնիսկ իմ տարեդարձի օրը լավագույնը, որ անում ենք՝ ընտանիքով հավաքվում ենք և ընթրում ենք: Թեև կարծում եմ՝ մարդու կյանքի գնահատականը տարեդարձի օրը չէ, որ պիտի տրվի կամ տարեդարձի օրը հավաքված ընկերների, բարեկամների կամ մյուսների կողմից, այլ ընդհանրապես՝ ժամանակը, մարդիկ, շրջապատդ, ընտանիքդ: Սա ընդհանուր դիտողություն էր, Հրայր:

Ես էլ հիշում եմ մեր առաջին հանդիպումը՝ Վիեննայում էր: Այսինքն՝ ոչ թե առաջին հանդիպումը ինձ հետ առհասարակ, այլ Ձեր առաջին հարցազրույցը ինձ հետ:

Հետադարձ հայացք՝ իհարկե իմ կյանքում, Ձեր կյանքում, հայաստանցիների և հայերի կյանքում մեծ փոփոխությունների օրեր էին մեկ տարի առաջ և կարծում եմ, ամեն օրը հիշարժան էր: Շատերը օր առ օր վերհիշում էին և փորձում էին հավանաբար նաև վերլուծել, գնահատականներ տալ, սակայն ցանկացած անձի, իրադարձության գնահատականը տալիս է ժամանակը կամ, եթե ուզում եք՝ Աստված: Եվ Աստված՝ մեր հայրենակիցների, հայերի, մեր ապագա սերունդների խոսքերով, մտքերով:

Թամրազյան․ - Պարո՛ն Նախագահ, հատկապես կցանկանայի, որ Դուք վերհիշեիք այն պահը, երբ գնացիք հրապարակ, հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանին այդ բազմահազար ցուցարարների մեջ: Սա իմ հիշողության մեջ ընդմիշտ կմնա: Կարելի՞ է ասել, որ այդ պահը Ձեզ համար նույնպես կարևոր էր, վճռական էր և Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ուներ դա:

Սարգսյան․ - Իրականում այդ օրը սովորական օր էր՝ անսովոր օրերի շարքում: Իհարկե, լարումը բավականին բարձր էր և Հայաստանի Հանրապետության նախագահը, ընդ որում՝ արդեն իսկ ապրիլի 9-ից հետո խորհրդարանական հանրապետության նախագահը, որի պարտականությունների ոլորտում ես նաև հասկանում եմ Սահմանադրությամբ, որ նախագահի պարտականությունն է դժվարին օրերին կանգնել պետության, ժողովրդի, Սահմանադրության կողքին: Եվ այդ օրերը դժվար էին, որովհետև արդյունքը կարող է լիներ նաև դրամատիկ, ընդհուպ՝ մինչև ողբերգական: Մեր պատմության ընթացքում այդպիսի օրեր տեսել ենք: Եվ ինձ համար նմանատիպ որոշումը շատ բնական էր:

Առաջարկություն արվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, որն այն ժամանակ հեղափոխության և ընդդիմության առաջնորդն էր: Եվ իր կողմից, ճիշտն ասած, բնական պատասխան ստացվեց, որ՝ ես հրապարակում եմ և ժողովուրդը այստեղ է և եթե նախագահը ուզում է հանդիպել, թող գա հրապարակ: Բնական է՝ նախագահը, ի դեմս ինձ, պետք է նույնպես լիներ ժողովրդի հետ և ես իջա հրապարակ: Այդ պահին չէի մտածում, որ ինչ֊որ շատ կարևոր քայլ է սա: Կարծում էի՝ անհրաժեշտ քայլ է: Անհրաժեշտ՝ այն իմաստով, որպեսզի փորձ արվեր, որպեսզի ընդդիմադիր կողմերը՝ լինի մի կողմից կառավարությունը, ուժայինները և մյուս կողմից ժողովուրդը, որ այդ պահին հրապարակում էր կամ հրապարակներում, կամ փողոցներում, երկխոսություն սկսվեր, որպեսզի բացառվեին ընդհարումները, դրամատիկ և ողբերգական ելքը:

Այնպես որ՝ ես ընդամենը իմ պարտականությունն եմ կատարել:

Թամրազյան․ - Պարո՛ն Նախագահ, այդ օրերին ես հիշում եմ, որ անվերջ Ձեր գրասենյակ էին գալիս թե՛ Հանրապետականների ղեկավար պաշտոնյաները, և թե՛ մյուս կուսակցություններից, իհարկե: Հանդիպում էիք նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Ի՞նչ եք զրուցել և ինչպե՞ս կարող եք այդ միջնորդությունը բնութագրել, Ձեզ հաջողվեց այդ զրույցների շնորհիվ արդյունքի հասնել:

Սարգսյան․ - Նորից վերադառնում ենք նույն հարցին, որովհետև ես ոչ միայն չեմ պատրաստվում, այլև չեմ կարծում, որ ճիշտ է՝ ես գնահատականներ տամ: Այսինքն, դա նման է, որ ես իմ անձնական կյանքին կամ իմ գործունեությանը սկսեմ գնահատականներ տալ՝ լավ, թե վատ: Իրականությունը հետևյալն է՝ անհրաժեշտությունը երկխոսության, հանդուրժողականության, բացարձակ էր, որպեսզի հանրության մեջ ստեղծվեր մի հասկացողություն, վերաբերմունք կամ շարժումը այնպիսի ուղղությամբ գնար, որը ի վերջո մենք անվանեցինք, ուրիշները անվանեցին Թավշյա հեղափոխություն: Ես հաճախ այն անվանում եմ Հեղափոխություն հայկական ձևով՝ դրանով, այսպես ասած, նմանատիպ հեղափոխության հեղինակային իրավունքը տալով մեր ժողովրդին: Մենք հայ ենք և շատ-շատերից տարբերվում ենք նրանով, որ կարողանում ենք դրամատիկ փոփոխությունները՝ ընդհուպ մինչև հեղափոխություն, անել շատ մարդկային ձևով, առանց ընդհարման, առանց ողբերգությունների, որը, իհարկե, հսկայական տպավորություն էր թողել աշխարհի վրա և հիշում են մինչև այսօր: Եվ ես կարծում եմ՝ իսկապես դա ինչ֊որ իմաստով դա հայկականության իրավունք ունի, բացի այն, որ լինելով թավշյա, կամ եթե ուրիշ մարդիկ նախընտրում են ուրիշ գնահատական տալ, իմ գնահատականը՝ ես կուզենայի նշել, որ դա հեղափոխություն էր հայկական ձևով: Եվ մենք՝ հայերս, պետք է հպարտ լինենք, մանավանդ՝ հպարտ լինենք, որ հեղափոխության ընթացքում մենք անցանք շատ կարևոր օրով՝ 1915 թվականի ապրիլի 24-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրով: Կարծում եմ շատ-շատերը Հայաստանից դուրս՝ չակերտավոր մեր բարեկամները, սպասում էին, որ այդ օրը մեր ժողովուրդը՝ քաղաքացիները և իշխանությունը, ընդհարման կգնան, որի հավանականությունը մեծ էր, որովհետև այդ օրերին քննարկումը գնում էր, որ մարդկանց հսկայական զանգված փողոցում պետք է լինի, ընդհարում կունենային ուժայինների հետ և մեր ազգային ողբերգության և հիշողության օրը մենք ինքներս, կոպիտ ասած, մեր ձեռքով կոչնչացնեինք, որովհետև եթե նմանատիպ իրողություն տեղի ունենար, չեմ կարծում, որ դրանից հետո մենք կարողանայինք հաջորդ հիշողության օրը նշել և նշել արժանավայել ձևով: Բացի դրանից, այդ օրը ինձ համար ոչ միայն հիշողության օր է, ոչ միայն հայրենիքի կորստի, մարդկային կյանքերի կորստի ու Մեծ եղեռնի օր է, սակայն նաև այդ օրը ինչ֊որ իմաստով Համբարձման օր է, որովհետև եթե Մեծ եղեռնի կազմակերպիչները և հեղինակները ծրագրում էին ոչնչացնել մեր ժողովրդին, ապա բացարձակապես չհաջողեցին, որովհետև մեր ժողովուրդը ոչ միայն վերադարձավ կյանք, այլ նաև վերածնվեց:

Ինչ-որ իմաստով ես նաև հպարտ եմ, որ անցյալ տարվա ապրիլի 24-ը հենց այդ ուղերձը ուներ ամբողջ աշխարհին, որ ապրիլի 24-ը ոչ միայն մեծ ողբերգության օր է, այլ նաև վերակենդանացած, վերապրած, վերածնված և հզոր ժողովրդի օր է: Եվ այդ օրը նաև ինչ֊որ իմաստով ժողովրդի մեջ հաղթանակի օր է, որովհետև մենք հաղթեցինք մահը:

Թամրազյան․ - Պարոն Նախագահ, այսօր Հայաստանում նշում են Քաղաքացու օրը: Դուք ինչպե՞ս եք նշում:

Սարգսյան․ - Եթե որոշ ժամանակ հետո ինձ հարցնեք, ապա կհիշեմ հետևյալը, որ այսօր ուրախությամբ մեր աշխատակազմում ընդունեցինք նոր աշխատակից՝ շատ շնորհալի մի երիտասարդ անձնավորության, որը Ապրիլյան պատերազմի հերոսներից է և պատերազմի ժամանակ ոչ միայն վիրավորվել է, այլ նաև կորցրել է ոտքի մի մասը: Իսկապես հերոս մի անձնավորություն, փայլուն անձնավորություն, որը շատ տաղանդավոր է: Իհարկե, դեռ սովորելու շատ բաներ ունի այս կյանքում, բայց կարծում եմ՝ Քաղաքացու օրը ես կհիշեմ, որ նշեցինք երիտասարդ մարդուն քաղաքացիական ծառայող դարձնելով և իր առջև ճանապարհ բացելով, որովհետև գիտեք՝ մենք պատերազմի ժամանակ բազմաթիվ վիրավորված հերոս տղաներ ունենք: Եվ, իհարկե, մտածել, որ այդ երիտասարդները իրենց հետագա կյանքը պետք է ապրեն թոշակ ստանալով կամ նպաստ ստանալով, ինձ համար շատ ցավալի է և անընդունելի: Ես ճանապարհը տեսնում եմ՝ նրանց վերադարձնել կյանք, ներգրավել մեր կյանքում, որովհետև նրանցից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե ինչպիսի վնասվածք են ստացել, ինչպիսի հնարավորություններ ունեն այսօր աշխատելու՝ ֆիզիկական կամ, ինչ-որ տեղ, նաև հոգեբանական, որովհետև պատերազմը ոչ միայն ֆիզիկական վնաս է տալիս, այլ նաև հոգեբանական վերք է ստեղծում անհատների մեջ: Ես վստահ եմ՝ նրանցից շատ-շատերը տաղանդավոր են և կարող են հետ վերադառնալ կյանք, ներգրավվել աշխատանքի, վերադառնալ իրենք իրենց օրվա հացը աշխատելով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ֆինանսավորել իրենց ապագան, ընդհուպ մինչևը անշարժ գույք, բնակարան ձեռք բերեն, ամուսնանան: Այսինքն՝ վերադառնան կյանք, ոչ թե քսան տարեկանում դառնան թոշակառու մարդ և սպասեն չգիտեմ ինչի: Այդ իմաստով, կարծում եմ, սա կարող եք ընդունել որպես նախագահական նախաձեռնություն, որը որոշ ժամանակ առաջ մենք հայտարարեցինք՝ Ապրիլյան պատերազմի մեր հերոս տղաներից արդեն երրորդ անձին ենք մենք ընդունել աշխատանքի և ես կրկին անգամ ուզում եմ կոչ անել: Մի քանի նախարարություններ հետևեցին այդ կոչին: Եվ ես ուզում եմ կրկին անգամ դիմել իմ գործընկերներին՝ սկսած Ազգային ժողովից, կառավարությունում, պետական բոլոր ծառայություններում, մարզերում և նաև գործարարներին, որպեսզի մեր հերոսներին վերադարձնենք ակտիվ կյանք: Որովհետև նրանք ունեն այդ ունակությունները, պատրաստ են աշխատելու և շատ-շատերի համար բարի գործ արած կլինենք՝ վերադարձնելով, որպեսզի նրանք դառնան մեր այսօրվա կյանքի, այսօրվա դժվարությունների և հաղթանակների մասը կազմեն և լիարժեք կյանքով ապրեն:

Թամրազյան․ - Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսենք: Դուք էլ եք այդ մասին խոսել, բայց վարչապետը հիմա հռչակել է տնտեսական հեղափոխություն, որի իմաստը ես այսպես եմ հասկանում՝ ստեղծել պայմաններ, որ մարդը շահագրգռված լինի զբաղվել բիզնեսով: Ենթադրենք՝ հիմա նախարարությունների օպտիմալացում է գնում, մարդիկ դուրս են մնում աշխատաշուկայից, սակայն պայմաններ կան, որ մարդիկ զբաղվեն մասնավոր բիզնեսով: Եվ Դուք, նաև իբրև նախկինում գործարար աշխարհի մարդ, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ այդ տնտեսական հեղափոխությունը, թե ոչ:

Սարգսյան․ - Երբ ես խոսում եմ կամ խոսել եմ տնտեսական հեղափոխության մասին, կուզենայի, որպեսզի միասին քննարկենք նաև այդ հեղափոխությունը ուրիշ տեսանկյունից: Երբ ես խոսել եմ մի քանի առիթով հեղափոխության մասին, ապա նախևառաջ նկատի եմ ունեցել արդյունաբերական հեղափոխությունը: Փաստ է, որ այսօր աշխարհում առաջ է գնում չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն կոչված պրոցեսը: Այդպիսի սահմանման հետ ես սկզբունքորեն մի քիչ համաձայն չեմ, որովհետև մենք մտել ենք մի շրջան, որովհետև ոչ թե չորրորդ ինդուստրիալն է, որը երրորդից հետո է․․․ երբ որ համաշխարհային տնտեսությունը զարգանում է աստիճանաձև՝ այսինքն գիտական մեծ հայտնագործություններ, հետո տնտեսությունը հենվում է տարբեր երկրներում այս կամ այն մեծ հայտնագործության հիման վրա, անցնում էր նոր աստիճանի՝ հետո զարգանում: Չորրորդից հետո, քանի որ մենք կենտրոնացրել ենք 20-րդ դարի հսկայական հայտնագործությունները՝ լինի դա ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության ոլորտներում, որոնք ամեն օր մտնում են իրական կյանք արդյունաբերության՝ ինդուստրիայի միջոցով, իմ կարծիքով մենք ոչ թե նորից աստիճանաձև հաջորդ քայլն ենք անելու, այլ սա այսպես կոչված հեղափոխական էվոլյուցիա է: Այսինքն՝ փոփոխությունները տնտեսության մեջ, արդյունաբերության մեջ, տեխնոլոգիաների ոլորտում լինելու են ամեն օր: Մենք գուցե դա չնկատենք, ինչպես հիմա չենք նկատում: Եթե հետ դառնանք 20-30 տարի՝ եթե որևէ մեկին ասեիք, որ Երևանից կարող եք Գլենդեյլ զանգ տալ և լայվ խոսել և իրար տեսնել, մարդիկ կմտածեին երազում եք: Բայց սա իրականություն է: Եվ սրանից 10 տարի հետո լրիվ ուրիշ աշխարհում ենք ապրելու:

Հետևաբար, չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը կամ հեղափոխական էվոլյուցիան իրական են աշխարհում: Եվ հետևաբար՝ եզրակացությունը շատ պարզ է․ որպեսզի աշխարհի զարգացման այդ գնացքում նստած չլինենք վերջին վագոնում և հետո փորձենք հասնել, պետք է առաջին օրերից փորձենք լինել գոնե լոկոմոտիվի մոտ: Այսինքն, Հայաստանը հնարավորություն ունի ոչ թե դառնա այդ չորրորդ ինդուստրիալ հեղափոխության կամ անընդհատ մեծ փոփոխությունների ընդունողը, օգտագործողը, այլ լինի դրա հեղինակներից մեկը: Հետևաբար անհրաժեշտություն կա, որպեսզի մենք շատ արագ տեմպերով գիտակցենք, թե աշխարհը ուր է գնում և լինենք այդ ընթացքի առաջամարտիկներից մեկը:

Բնական է՝ դա հեշտ գործ չի: Դրա համար կան ինչ֊որ բաղադրիչներ, որ անհրաժեշտ են: Դրանցից մեկը նա է, որ մենք մասնակից լինենք, տեղյակ լինենք և աշխատենք ամեն օր ամենաժամանակակից տեխնոլոգիաների հետ: Հետևաբար անհրաժեշտություն կա, որպեսզի համաշխարհային մեծ ընկերությունները, կառույցները, որոնք կրում են այդ ժամանակակից տեխնոլոգիան, Հայաստան գան, ստեղծեն համատեղ ձեռնարկություններ:

Մյուս կարևոր բաղադրիչը, իհարկե, կրթությունն է: Առանց կրթության դուք չեք կարող մատակարարել նույն ինդուստրիային կամ ստարտափներին համապատասխան որակյալ մասնագետներով, չեք կարող ստեղծել այդ միջավայրը:

Երրորդը՝ կարծում եմ շատ էական է նորարարության մշակույթը և մթնոլորտը, որտեղ յուրաքանչյուր անհատ պետք է ցանկանա նոր բան ստեղծել, չվախենա ստեղծագործելուց, նոր գաղափար մեջտեղ բերելուց: Այս նորարարական մթնոլորտը շատ էական է: Ուզում եք՝ դա անվանեք ստարտափի մշակույթ, կամ ինչ֊որ այլ բան, բայց ինքնին մշակույթը բավարար չի, ինքնին մեծ ինդուստրիան, գիտելիքը, ակադեմիան բավարար չի․ այս երեքը, գումարած նաև այլ բաղադրիչներ, անհրաժեշտ են, որպեսզի մենք գնանք առաջ՝ համընթաց արագ փոփոխվող աշխարհին:

Թամրազյան․ - Այդ թվում նաև կառավարությունը պետք է բարեկամաբար վերաբերվի գործարարներին:

Սարգսյան․ - Հայաստանը պետք է դառնա աշխարհի մաս, բայց միևնույն ժամանակ Հայաստանի ներսում ոչ միայն գործարարի նկատմամբ, այլ նաև աշխատողի նկատմամբ պետք է լինի․․․ բայց դա, իհարկե, կառավարության գործառույթն է և նաև Ազգային ժողովի: Նախագահի դերը շատ հստակ է այդտեղ՝ տվյալ դեպքում ես կարող եմ ինչ֊որ նախաձեռնություն, առաջարկ, գաղափար առաջ քաշել, բայց ընդամենը որպես կոնցեպցիա, որովհետև կիրառությունը, բոլոր դեպքերում, միշտ կառավարության հետ է:

Թամրազյան․ - Դուք շատ եք այցելում արտասահման, արևմտյան երկրներ, Ռուսաստան: Դուք հանդիպում եք բազմաթիվ գործարարների, նրանց, հավանաբար հորդորում եք, որ գան Հայաստան, ներդրումներ կատարեն: Հավատո՞ւմ են Ձեզ, պարոն նախագահ:

Սարգսյան․ - Որպեսզի իրենք հավատան՝ նախ ես պետք է հավատամ: Երկրորդը՝ այսօր ես շատ ավելի քիչ եմ ճանապարհորդում, քան իմ նախկին կյանքում: Եվ հետո՝ ասացիք հորդորում եմ․․․ ես իրենց չեմ հորդորում, ես ներկայացնում եմ Հայաստանը՝ իրական և տեսլական Հայաստանը: Իրականությունը հետևյալն է՝ և՛ որպես նախագահ, և՛ որպես հայ անհատ, իմ այցելությունների ժամանակ, անկախ նրանից, թե այդ այցելության նպատակն ինչ է, միշտ փորձում եմ գտնել հնարավորություններ կամ ստեղծել՝ գնալ, օրինակ Գերմանիայում՝ Հայդելբերգի համալսարան: Ինչո՞ւ, որովհետև Հայդելբերգը ոչ միայն ամենահին, այլ նաև աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է: Հետևաբար, գնալով այնտեղ, անում եմ այն, ինչի մասին խոսում էինք՝ հրավիրեմ նրանց Հայաստան, ցույց տալով, որ Հայաստանն իրոք այն երկիրն է, որտեղ նրանք ոչ միայն ինչ֊որ փոքրիկ բան կարող են անել, այլ Հայաստանը կարող է դառնալ իրենց գործընկերը: Նույն ձևով՝ ասենք Մյունխենի տեխնիկական համալսարանը, Եվրամիության հարավային աստղադիտարանը, որ հիմա ստեղծում է աշխարհի ամենամեծ դիտակը՝ մոտ 40 մետրանոց․․․ և ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դրան մասնակից լինել՝ հրավիրելով նրանց, որպեսզի գան Հայաստան և Հայաստանում զբաղվեն հենց նույն չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ոլորտում համատեղ աշխատանքներով:

Հիմա՝ հավատում են, թե չեն հավատում․․․ կարծում եմ՝ հավատում են: Հավատում են, որովհետև ներկայացնում ես իրականը և նաև, ինչ֊որ իմաստով, տեսլականը: Իրականը հետևյալն է, որ Հայաստանում մենք ունենք բավականին լավ կրթական համակարգ: Այո՛, այդ կրթական համակարգի և գիտական համակարգի մի մասը ժառանգել ենք նախկին Խորհրդային Միությունից: Այո՛, ունենք Հայաստանում շատ լավ դպրոցներ, այո՛, ունենք Թումո: Իհարկե, իրենց չեմ պատմում, որ մենք ունենք խնդիրներ մեր գյուղական դպրոցներում և այդ խնդիրները հապճեպ լուծման կարիք ունեն, որովհետև, ինչպես ասացի, կրթությունը մեր ապագա զարգացման ամենակարևոր էլեմենտներից մեկն է:

Եվ դրսում հայերին ճանաչում են որպես ազնիվ, աշխատասեր, նվիրված մարդկանց: Դա և՛ Միջին Արևելքում է՝ սկսած Սիրիայից, Եգիպտոս, Լիբանան, արաբական երկրները, և՛ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, և՛ Հեռավոր Արևելքում։ Մենք ունենք հայերի նկատմամբ բարյացակամ վերաբերմունք՝ ընդհանրապես, որպես աշխատասեր, ազնիվ մարդկանց: Դա շատ էական է:

Եվ երկրորդը՝ հայերին ճանաչում են որպես նաև խելացի մարդկանց, որպես գործարար, որպես առևտրական, բայց ավելի շատ որպես ազգ, որը շատ մեծ տաղանդ ունի գործարքներ կնքելու: Եվ լեգենդներից բացի՝ Գյուլբենկյանից, Քրքորյանից, իրականը ամեն օրվա իրականություններ էլ կան: Հետևաբար, երբ որ ես ներկայացնում եմ Հայաստանը, իսկապես մարդիկ հավատում են:

Դրա մեջ, իհարկե, կա նաև տեսլականը, որովհետև մենք ունենք թվային տեխնոլոգիաների տնտեսություն, և ինչ֊որ տեղ նաև հպարտ ենք դրանով, որովհետև մենք ժամանակակից թվային տեխնոլոգիաների սեկտոր ունենք, բայց իրականությունը հետևյալն է, որ այդ ոլորտը դեռևս բավականին փոքր է:

Սակայն այսօրվա աշխարհը ծրագրավորման մասին չէ, այլ արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և լրիվ ուրիշ որակի տեխնոլոգիաների: Հետևաբար, քանի որ մենք ունենք հիմքը տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրավորողներ, բայց նաև լավ մաթեմատիկոսներ են և ֆիզիկոսներ, հետևաբար այդ անցումը կարող են կատարել: Եթե մարդիկ հավատում են, որ հայերը կարող են ներդրում ունենալ, և իզուր չէ:

Անցյալ ամիս ես՝ երկու-երեք անգամ Փարիզում հանդիպումներից հետո, ունեցա այցելությունը Thales-ի՝ Ֆրանսիայում ամենամեծ տեխնոլոգիական ընկերություններից մեկի պատվիրակության, որի արդյունքում հիմա պատրաստվում է համագործակցության ծրագիր:

Հաջորդ ամիս գալիս են մասնագետները Գերմանիայից՝ նույն Fraunhofer-ից, գալու է նաև Dassault Systèmes-ը, որը Ֆրանսիայի ամենամեծ ընկերություններից մեկն է: Եվ այդպես շարունակ: Շատ շուտով իտալական, գերմանական նոր ընկերություններ են գալու: Եվ հետաքրքիր է՝ նրանցից յուրաքանչյուրի ծրագրի մեջ կա նախնական շատ կարևոր տարր՝ դա կրթությունն է: Որովհետև նրանք բոլորը հասկանում են, որ զարգացման ամենահիմնական տարրերից մեկը դա կրթությունն է:

Թամրազյան․ - Արտաքին քաղաքականության մասին խոսենք՝ նախագահի դերը Հայաստանի իմիջի հարցում: Ինչպե՞ս եք Ձեր փորձառությունը կիսում արտաքին քաղաքական հարցերում՝ Ձեր փորձը, Ձեր դիվանագիտական վարպետությունը ինչպես եք ի սպաս դնում:

Սարգսյան․ - Ես չէի սահմանափակի դա միայն արտաքին հարաբերությունների ոլորտով, որովհետև նախագահը չի մասնակցում գործադիր իշխանությանը և չպետք է մասնակցի գործադիր իշխանությանը: Եվ ոչ միայն չպետք է մասնակցի, այլ սխալ է, որպեսզի նախագահը նաև մեկնաբանի գործադիրի կամ Ազգային ժողովի գործունեությունը, որովհետև դա նախագահական մանդատի մեջ չի մտնում:

Ես իզուր չէ, որ այս պատասխանը Ձեզ տալիս եմ, որովհետև շատ հաճախ ինձ հարցնում են՝ իսկ որ նախարարությունների թիվը կրճատվում է՝ նախագահը ի՞նչ է կարծում: Նախագահի դերը չէ․ նախագահը կարող է անձնական կարծիք ունենալ, որը հաճույքով կարող է կիսվել և՛ վարչապետի հետ, և՛ կառավարության անդամների, բայց ոչ ժուռնալիստների հետ: Սա անձնական կարծիք է, ոչ թե հանրային կարծիք, որովհետև ի վերջո կառավարության գործն է՝ կունենա 25 նախարարություն, թե 15 նախարարություն: Եվ սպասել, որ նախագահը կմեկնաբանի՝ մի սպասեք:

Սակայն, իհարկե, նախագահը բաց է իր փորձառությունը կիսելու և՛ որպես նախագահ, և՛ որպես անհատ՝ լինի դա դիվանագիտության ոլորտում, կամ միջազգային հարաբերությունների, լինի դա գործարար շրջանակներում, կամ գիտական: Ես բաց եմ և կարող եմ ուրախությամբ նշել, որ հաճախ հանդիպում եմ կառավարության անդամների և նաև Ազգային ժողովի մեր գործընկերների հետ, և գործարարների, և գիտական շրջանակների հետ իմ փորձառությունը կիսում եմ իրենց հետ:

Այսինքն, պրոֆեսիոնալ առումով շատերը գիտեն իմ անձնական վերաբերմունքը, սակայն նախագահի՝ Սահմանադրությամբ և այն օրենքներով, որի շրջանակում մենք աշխատում ենք, նախագահը պետք չէ, որ մեկնաբանություններ անի: Նախագահը իր դերի մեջ պետք է մտնի կամ մեկնաբանություններ և քայլեր անի միայն այն ժամանակ, երբ որ իսկապես մեծ հանրային խնդիրներ կան և նրանց լուծումը պետականությանը և մեր ժողովրդին վտանգներ է ներկայացնում: Դժվար պահերին՝ հրապարակ իջնել կամ բանակցել տարբեր կուսակցությունների հետ, նրանց փորձել բերել երկխոսության կամ հանդուրժողականության՝ այ դա նախագահի դերն է, բայց թե քանի նախարարություն է պետք կամ այս կամ այն անձի նկատմամբ կիրառված այս կամ այն միջոցները նախագահը չպետք է մեկնաբանի:

Թամրազյան․ - Պարոն Նախագահ, Ձեր լիազորություններից մեկը Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրելն է և Դուք առաջադրել եք երեք թեկնածու և երեքն էլ, ըստ էության, մերժվել են խորհրդարանի կողմից: Որևէ տարաձայնությո՞ւն կա, ի՞նչ կարող է լինել:

Սարգսյան․ - Բացարձակապես: Նախագահի իրավունքն է և նաև պարտականությունը՝ տվյալ դեպքում առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը: Եվ կարծում եմ, որ նախագահը ավելի շատ պետք է ուշադրություն դարձնի պրոֆեսիոնալ հատկանիշներին և մարդկային և թեկնածու է առաջարկում, և պարտադիր չէ, որ նախագահն ու Ազգային ժողովը նույն կարծիքն ունենան: Նախագահն առաջարկում է՝ Ազգային ժողովը մերժում է: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Եվ պետք չի քաղաքականացնել, կապել ինչ֊որ անհատների հետ: Կարծեմ այս երեք թեկնածուների օրինակները ցույց են տալիս, որ ես որևէ ձևով քաղաքականորեն սահմանափակված չեմ: Ես դատում եմ՝ ելնելով այն իրավասություններից, պարտականություններից, որ իմ վրա է դնում Սահմանադրությունը և այն վերաբերմունքից, որ իմ նկատմամբ հայտնել է Ազգային ժողովը՝ ինձ ընտրելով նախագահ: Ես աշխատում եմ կատարել իմ պարտականությունը հստակ՝ առանց որևէ մեկի քաղաքական կամ ոչ քաղաքական ազդեցության, որովհետև դա է պահանջում Սահմանադրությունը: Նախագահին տրված է այդ իրավունքը և նախագահը պետք է դատի՝ հավանում է տվյալ թեկնածուին՝ առաջադրում է, չի հավանում՝ չէ: Եվ դա Ազգային ժողովի իրավասությունն է՝ կընտրի, թե ոչ: Եվ եթե ես 10 հոգի էլ առաջարկեմ և 10-ն էլ մերժվեն՝ որևէ զգացում, էմոցիա չեմ ունենալու և երբեք չեմ մեկնաբանելու, որ սա, ասենք՝ դեմ է նախագահական ինստիտուտին, թե կողմ է․․․ բացարձակապես:

Թամրազյան․ - Պարոն Նախագահ, ընդհանրապես Ձեր կերպարը տարբերվում է, եթե համեմատենք նախորդ նախագահների հետ, ժողովրդի ընկալման մեջ խիստ տարբեր է: Եվ հիմա Դուք ուզում եք ստեղծել նոր կերպար: Դա ոչ թե միտումնավոր եք անում, այլ Ձեր վարքագծով, բազմաթիվ հանդիպումներով, շփումներով մարդկանց հետ: Եթե կարող եք մի քիչ խոսեք այս մասին՝ նախագահի կերպարի մասին:

Սարգսյան․ - Նախևառաջ ես գնահատական չեմ պատրաստվում տալ՝ պատմությունն է գնահատում յուրաքանչյուրին: Երկրորդը՝ ես իսկապես տարբեր եմ նախորդ նախագահներից շատ պարզ պատճառով, որ ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ: Եվ շատ էական է, որպեսզի մեր ժողովուրդը գիտակցի, որ այս նախագահը տարբերվում է մյուսներից, որովհետև իր իրավունքները և լիազորությունները տարբերվում են նախորդներից: Շատ էական է սա, որովհետև իներցիայով մարդիկ մտածում են՝ սա նույն նախագահն է, քանի որ նույն անունն ունի՝ նախագահ է, երբ որ նախորդ նախագահները գործադիր իշխանություն ունեին, իսկ ես գործադիր իշխանություն չունեմ և հետևաբար, ըստ սահմանման, պետք է նախագահը լինի տարբեր: Եվ հետո՝ նախագահի կերպար ստեղծելը ինձ համար երկրորդական է, այնքանով, որքանով առաջնայինը նախագահի ինստիտուտ կառուցելն է առաջնային: Քանի որ ես առաջին նախագահն եմ խորհրդարանական համակարգում, շատ էական եմ համարում, որ մեր պետական ինստիտուտները կայանան՝ լինի դա Ազգային ժողովը, լինի դա կառավարությունը, նախագահականը և մնացած բոլոր ինստիտուտները: Բայց քանի որ ինձ վստահված է նախագահական ինստիտուտը, ինձ համար շատ էական է, որ այն կայանա: Կայանա, որ ստեղծի իր նկատմամբ որոշակի վերաբերմունք: Եվ նախընտրում եմ, որ այդ վերաբերմունքը լինի հարգալից, որովհետև ի վերջո ես նախագահ եմ պատմական իմաստով շատ կարճ ժամանակահատվածում: Ես մեկ տարի առաջ նախագահ պետք է լինեի 7 տարի, հիմա արդեն 6 տարի, և այդ տարիները շատ արագ կանցնեն: Հիմնական, կարևորագույն արդյունքը, որ ես կուզենայի թողնել, հետևյալն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը կայանա, որ ինձանից հետո հաջորդ նախագահը ժառանգի ինստիտուտ, որը շատ հարցերում ժամանակակից է, կազմակերպված է, կարգապահ է, արտահայտում է ժողովրդի սպասելիքները, ունի երկխոսություն ժողովրդի հետ և այլն և այլն: Ուրեմն, ինձ համար նախագահի կերպարը առաջնային չէ, առաջնայինը նախագահական ինստիտուտն է, որը ես կուզենամ, որպեսզի կայանա:

Թամրազյան․ - Պարո՛ն Նախագահ, հիմա Դուք ուզում եք Բաղրամյան 26-ը անվանափոխել և կոչել այն Հանրապետության տուն: Բացատրեք՝ ինչո՞ւ եք այդպես ուզում:

Սարգսյան․ - Նախ՝ Բաղրամյան 26-ը անուն չի, իրավական իմաստով որևէ օրենքով կամ որոշմամբ որևէ մեկը այդ շենքը չի անվանել Բաղրամյան 26: Բաղրամյան 26-ը հասցե է՝ սա մեկ: Երկրորդը՝ սխալ հասցե է, որովհետև նույն հասցեով կողքի բնակելի շենքը՝ մոտ 50-60 կամ գուցել ավելի բնակչով, ունի նույն հասցեն՝ Բաղրամյան 26: Եվ երկար տարիներ՝ օրինակ ընտրությունների ժամանակ, Բաղրամյան 26-ից 50-60 հոգի գնացել են ընտրությունների: Այսինքն, ստացվել է, որ այդ շենքում, որը Դուք անվանում եք Բաղրամյան 26, Հայաստանի Հանրապետության 60 քաղաքացի մշտական ապրել է: Ուրեմն հասցեի սխալ կար: Մենք դիմեցինք քաղաքապետարանին, որպեսզի փոխեն սխալը և որոշմամբ փոխվեց: Հիմա այդ շենքը, որ Դուք անվանում եք Բաղրամյան 26, հասցեն Բաղրամյան 26/1 է: Եվ եթե ուզում եք ինձ հարցնել այդ շենքի մասին, պետք է ասեք՝ Բաղրամյան 26/1: Երկրորդը՝ դա նախագահի նստավայր է: Իմաստը՝ մեկը Կառավարության տուն է՝ դա կարող եք ասել Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայր, բայց ասում եք Կառավարության տուն: Կամ պիտի ասենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայր, բայց ասում ենք՝ Ազգային ժողով: Բայց, չգիտես ինչու, այդ շենքը անվանվում է Բաղրամյան 26: Ես մտածեցի, որ առաջարկենք՝ քանի որ սկզբունքորեն ես այդ նստավայրը տեսնում եմ ոչ միայն նախագահի նստավայր՝ վարչապետը ամիսներ առաջ դարպասները բացեց, որպեսզի ժողովուրդը կարողանա այցելի: Ես փորձում եմ ոչ միայն դարպասները բացել, այլ նաև դռները բացել: Հիմա շաբաթ-կիրակի օրերը դարպասները լրիվ բաց են, աշխատանքային օրերին աշխատանքային ժամից հետո են բաց՝ մինչև ուշ երեկո: Բայց միաժամանակ դռներն ենք ուզում բացել և այդ շենքում պետք է լինեն համերգները, ցուցահանդեսներ:

Թամրազյան․ - Շարունակվելո՞ւ են այդ համերգները:

Սարգսյան․ - Այո, անպայման: Սա սկզբունքային հարց է: Սվետլանա Նավասարդյանից հետո մենք ծրագրում ենք համերգների շարք, որտեղ մեր լավագույն արտիստներին կներկայացնենք կրկին անգամ: Գիտեք ինչ՝ սա համերգասրահ չէ, սա մի տեղ է, որտեղ մեր լավագույնը՝ լինի դա ժողովրդական երգ, դասական, ռոմանս, ջազ կամ լինի ասմունքի երեկո՝ լավագույնը ներկայացնել և ներկայացնելու հետ միասին նաև շնորհակալություն հայտնել տվյալ արտիստին իր բարձր արվեստի համար: Որովհետև 250 նստատեղը դա համերգասրահ չէ և մենք տոմս չենք վաճառելու, հրավիրելու ենք մարդկանց և նաև պատվելու ենք արտիստներին, մշակույթի գործիչներին:

Միաժամանակ՝ ցուցահանդեսների համար է և մի շարք ցուցահանդեսներ ենք ծրագրում: Նպատակը հետևյալն է՝ մոտ ապագայում, հուսամ, կկարողանանք կազմակերպել առաջին ցուցահանդեսներից մեկը․ եթե կարողանամ ճիշտ ձևակերպել՝ ինչ֊որ իմաստով մեր մոռացված մեծերին հետ բերելու հանրային ուշադրության ներքո: Եվ առաջին մեծ արտիստների, մշակույթի գործիչների անունները որ ես ձեզ կտամ, դա քանդակագործ Արա Սարգսյանն է, քանդակագործ Արա Հարությունյանը, որ մեր մեծերն են քանդակագործության, ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի մասին և Հակոբ Կոջոյանի արվեստը:

Հիմա՝ ինչո՞ւ Հանրապետության տուն, որովհետև այս տունը Հանրապետությանն է պատկանում։ Կարող ենք ասել՝ ժողովրդի տուն, կարող ենք ասել՝ Սպիտակ տուն: Հիմա մենք առաջարկել ենք Հանրապետության տուն, քաղաքապետարանն էլ առաջարկել է՝ քանի որ Հանրապետության տուն է, լավ կլինի, որ հանրային քննարկում լինի և ես ուրախ եմ դրա համար: Թող մեր քաղաքացիները իրենց կարծիքը ասեն և եթե ավելի գեղեցիկ, ավելի ճշմարիտ անուն առաջարկվի՝ ես կընդունեմ: Բայց ինձ համար ընդունելի չի Բաղրամյան 26/1 անվանումը: Դա ընդամենը հասցե է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG