Հյուսիսկորեական կառավարությունը Միացյալ Նահանգներից 2 միլիոն դոլար է պահանջում ամերիկացի ուսանող Օտտո Վարմբիերին «հիվանդանոցում պահելու համար»: Հյուսիսային Կորեայի իշխանությունները այդքան են գնահատում երկրի բանտում 17 ամիս անցկացրած 22-ամյա ամերիկացուն հիվանդանոցում պահելը և տուն ուղարկելը:
Օտտո Վարմբիերը ձերբակալվել էր Փհենյանի օդանավակայանում՝ «հյուրանոցից գողություն կատարելու» մեղադրանքով. խոսքը, մասնավորապես, պաստառի մասին է, որը կոչ էր անում «Զինվել հայրենասիրությամբ Կիմ Չեն Իրի օրինակով»: 2016 թվականի մարտին ամերիկացի ուսանողին դատապարտել էին 15 տարվա ծանր աշխատանքի: Երիտասարդը կոմայում հայտնվելուց հետո վերադարձվել է հայրենիք, որտեղ էլ մեկ շաբաթ անց մահացել է:
Պաշտոնական Փհենյանը պնդում է, որ երիտասարդը կոմայի մեջ է հայտնվել դատավճիռը լսելուց հետո: Բացի այդ, նշում են, թե նա իբր բոտուլիզմով է վարակվել, քնաբեր խմել, ինչից հետո չի արթնացել:
Ամերիկացի բժիշկներն այդ վարկածին չեն հավատում, նրանք երիտասարդի մոտ ախտորոշել են «գլխուղեղի հյուսվածքների լայնածավալ կորուստ»: