Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում բանտարկված ամերիկացի ուսանողը հայրենիք վերադառնալուց օրեր անց մահացել է


Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում՝ դատավճռի հրապարակումից հետո, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ․
Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի դատարանում՝ դատավճռի հրապարակումից հետո, Փհենյան, 16-ը մարտի, 2016թ․

Ամերիկացի ուսանող Օտտո Վարմբիերը, ով ավելի քան մեկ տարի պահվում էր հյուսիսկորեական բանտում և մի քանի օր առաջ կոմայի մեջ ԱՄՆ-ին էր վերադարձվել, մահացել է: Այս մասին հայտնել են նրա ծնողները:

«Ցավոք, ահավոր դաժան վերաբերմունքը, որին ենթարկվել է մեր որդին հյուսիսկորեացիների մոտ, այլ ելք չէր կարող ունենալ», - ասվում է նրա ծնողների՝ Սինի և Ֆրեդ Վարմբիերների հայտարարությունում:

Նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը ցավակցություն են հայտնել Օտտո Վարմբիերի հարազատներին և ընկերներին:

«Օտտոյին բաժին հասած ճակատագիրը խորացնում է իմ վարչակազմի վճռականությունը՝ կանխելու նման ողբերգությունները, որոնք տեղի են ունենում անմեղ մարդկանց հետ՝ մի ռեժիմի կողմից, որն արհամարհում է օրենքի գերակայությունը և մարդկային տարրական բարոյականությունը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Միացյալ Նահանգները չի կարող և չպետք է հաշտվի թշնամական երկրների կողմից իր քաղաքացիների սպանությունների հետ», - ընդգծել է սենատոր Ջոն ՄըքՔեյնը:

22-ամյա Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայի բանտում 17 ամիս է անցկացրել: Նա Փհենյան էր այցելել Ամանորին՝ ամերիկացի զբոսաշրջիկների հետ: Այցի ավարտին ուսանողին օդանավակայանում ձերբակալել են և մեղադրել հյուրանոցից գողություն կատարելու մեջ. խոսքը մասնավորապես պաստառի մասին է, որը կոչ էր անում «զինվել հայրենասիրությամբ Կիմ Չեն Իրի օրինակով»: 2016 թվականի մարտին ամերիկացի ուսանողին դատապարտել են 15 տարվա ծանր աշխատանքի, նրան ազատելու՝ ամերիկյան իշխանությունների ջանքերը արդյունք չեն տվել:

Միայն մի քանի շաբաթ առաջ հյուսիսկորեական իշխանությունները հայտնեցին, որ Վարմբիերը առողջական խնդիրներ ունի, օրեր առաջ էլ նրան կոմայի մեջ ուղարկեցին Միացյալ Նահանգներ:

Պաշտոնական Փհենյանը պնդում է, որ երիտասարդը կոմայի մեջ է հայտնվել դատավճիռը լսելուց հետո: Բացի այդ, նշում են, թե նա իբր բոտուլիզմով է վարակվել, քնաբեր խմել, ինչից հետո չի արթնացել:

Ամերիկացի բժիշկները այդ վարկածին չեն հավատում, նրանք երիտասարդի մոտ ախտորոշել են «գլխուղեղի հյուսվածքների լայնածավալ կորուստ»: Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Վարմբիերի հետ բանտում, նրանք չեն կարողանում հստակեցնել:

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, պատասխան քայլերի թվում, որին կարող է դիմել պաշտոնական Վաշինգտոնը, Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG