Մատչելիության հղումներ

Իրանը շարունակելու է նավթ վաճառել միջազգային շուկայում. Զարիֆ


ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տալիս Reuters-ին, Նյու Յորք, 24-ը ապրիլի, 2019թ․
ԱՄՆ - Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տալիս Reuters-ին, Նյու Յորք, 24-ը ապրիլի, 2019թ․

Իրանի դեմ ամերիկյան ճնշումների հետագա սաստկացման դեպքում իրադրությունը Մերձավոր Արևելքում կարող է է՛լ ավելի բարդանալ: Այս մասին չորեքշաբթի օրը Նյու Յորքում` Մերձավոր Արևելքում ստեղծված կացությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, պնդելով, որ չնայած պաշտոնական Վաշինգտոնի ջանքերին՝ Թեհրանը դուրս չի մղվի էներգակիրների միջազգային շուկայից:

«Մենք վստահ ենք, որ Իրանը շարունակելու է նավթ վաճառել: Մենք շարունակելու ենք մեր նավթի համար սպառողներ գտնել: Եվ մենք շարունակելու ենք օգտվել նավթի արտահանման անվտանգ ուղի համարվող Հորմուզի նեղուցից: Բայց եթե Միացյալ Նահանգները որոշի խելագար քայլերի դիմել` փորձելով խանգարել մեզ, ապա [ամերիկացիները] պետք է պատրաստ լինեն հնարավոր հետևանքներին», - նշում էր Զարիֆը:

Երեք օր առաջ` ապրիլի 22-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ մի շարք պետությունների համար արված բացառությունը, որը թույլ էր տալիս դրանց իրանական նավթ ներկրել, վերացվում է: Այսպիսով ամերիկյան իշխանությունները փորձում են ամբողջությամբ արգելափակել Իրանում արդյունահանված նավթի՝ միջազգային շուկայում վաճառքի բոլոր հնարավորությունները:

Նյու Յորք այցի շրջանակում Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մեծ հարցազրույց է տվել նաև Reuters գործակալությանը` անդրադառնալով Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը տարածաշրջանային հետագա զարգացումների վրա:

«Պատժամիջոցներից մշտապես տուժում ես, սակայն պատժամիջոցները չեն կարող հանգեցնել քաղաքականության փոփոխության: Առավել ևս, որ պատժամիջոցները միշտ էլ կարելի է շրջանցել: Կարելի է ասել, որ մենք այդ ոլորտում գիտական ատենախոսություն ենք պաշտպանել», - հեգնում էր Զարիֆը:

Reuters-ի թղթակիցների հարցին՝ կարո՞ղ է արդյոք Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում ծագած հերթական ճգնաժամը պատերազմի հանգեցնել, Իրանի արտաքին գործերի նախարարը երկիմաստ պատասխան է տալիս` պնդելով, որ Թեհրանը ամերիկացիների հետ հակամարտությունը է՛լ ավելի թեժացնելու ցանկություն հաստատ չունի:

«Ես չեմ կարծում, որ Թրամփը պատերազմ է ուզում: Ես սակայն չեմ բացառում, որ նրան կարող են ներքաշել այդ պատերազմի մեջ», - պնդում էր Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ որպես Իրանի դեմ կոշտ մոտեցման գլխավոր ջատագովներ մատնանշելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին:

Իրանի արտգործնախարարը խոսում էր նաև իրադարձությունների զարգացման անցանկալի սցենարի մասին:

«Ճգնաժամ կծագի, եթե Միացյալ Նահանգները որոշի դիմել որևէ ոչ ռացիոնալ գործողության: Կամ եթե ինչ-ինչ միջադեպեր ծագեն, կամ էլ եթե ոմանք փորձեն դավադրություն կազմակերպել, որ կհանգեցնի նման միջադեպերի», - նշում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Զարիֆն անդրադառնում էր նաև Վաշինգտոնի կողմից վերջերս ձեռնարկված ևս մեկ վիճահարույց քայլին: Խոսքը երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն» ահաբեկչական կառույցների թվին դասելու մասին էր:

«Ինքնիշխան պետության բանակի մաս կազմող ստորաբաժանումը դեռ երբեք չէր դասվել ահաբեկչական կառույցների թվին: Այս ողջ իրավիճակի զավեշտն այն է, որ Պահապանների կորպուսը մշտապես եղել է ահաբեկչության դեմ պայքարողների առաջին շարքերում», - նշում էր Իրանի արտգործնախարարը` չբացառելով սակայն, որ հենց իրանցի զինվորականների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են ի վերջո հանգեցնել իրադրության լարման:

«Մենք հինավուրց քաղաքակրթություն ենք և շրջահայաց պետություն: Մենք զսպվածություն են ցուցաբերելու, բայց դա չի նշանակում, որ եթե Միացյալ Նահանգները որոշի փոխել խաղի կանոնները, կկարողանա դրա տակից դուրս գալ», - նշում էր Իրանի արտգործնախարարը Reuters-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG