Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի բացումը այլընտրանք չունի. Մարուքյան


Հայ-թուրքական սահմանի բացումը այլընտրանք չունի, այսօր Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ըստ էության, սահմանների բացումը այլընտրանք չունի, վաղ թե ուշ պետք է հասնել դրան, բայց միևնույն ժամանակ պետք է բոլոր եղած հարցերը քննարկվեն, որոշումներ ընդունվեն դրանց վերաբերյալ, հետո գնանք սահմանների բացման։ Ես կարծում եմ, որ պետք է սահմանները առանց նախապայմանների բացվեն, որովհետև 21-րդ դարում Եվրոպայի վերջին սահմանն է, որ փակ է, նոր հետո շարունակենք խոսել տարբեր հարցերի վերաբերյալ»։

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ներկայիս իշխանության քայլերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ընդդիմադիրները բուռն քննադատում էին, որ վարչապետը ելույթ չի ունեցել ԵԽԽՎ-ում Ցեղասպանության մասին առանձին, Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կոնկրետ ելույթ ունենալով չի, որ Ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման ուղղությամբ պետք է գործ անեն, այսինքն՝ ելույթի մեջ ներառելը այնքան էլ խնդիր չի կարող դառնալ, եթե կա տեսլական ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերությունները ինչպես ձևավորելու հարցում։ Տվյալ պարագայում ներկայիս իշխանությունները այդ տեսլականը չեն ներկայացրել, և այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում։ Ինչ վերաբերում է տարբեր խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչման պրոցեսներին, ապա դա, գիտեք, մի գործընթաց է, որտեղ փորձում են տարբեր կողմեր իրենց վերագրել, դա մի համայնք է, որտեղ աշխատում է հայ համայնքը, Հայ դատի համայնքը, հայկական դեսպանությունները, այսինքն՝ կոնկրետ մի կողմ չի կարող ասել, որ դա իմ ձեռքբերումն է»։

«Ամեն դեպքում, Իտալիայի խորհրդարանի դատապարտող հայտարարությունը և այն քվեարկությունը, որ տեղի ունեցավ՝ ոչ մի դեմ ձայնով, միայն ձեռնպահներ կային, սա շատ լուրջ արժե եվրոպական տարածքում Ցեղասպանության ճանաչման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման առումով», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ կառավարության կողմից դեռ ներկայացված չէ, թե ինչպես է իշխանությունը պատրաստվում, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններին մոտենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG