Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է անում մայիսի 1-ից նվազեցնել գազի սակագինը Ուկրաինայի բոլոր բնակիչների համար


Ուկրաինա - Վլադիմիր Զելենսկին իր նախընտրական շտաբում, Կիև, 21-ը ապրիլի, 2019թ․
Ուկրաինա - Վլադիմիր Զելենսկին իր նախընտրական շտաբում, Կիև, 21-ը ապրիլի, 2019թ․

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ արձանագրած Վլադիմիր Զելենսկու առաջին քայլերից մեկը դարձավ երկրի կառավարությանն ուղղված կոչը` շուտափույթ կերպով բանակցություններ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ` բնակչության համար գազի սակագնի նվազեցումն ապահովելու նպատակով:

«Վերջին ամիսներին գազի գինը Եվրոպայում նվազում էր, ինչի հետևանքով այժմ գազի սակագինը Ուկրաինայում ավելի բարձր է, քան եվրոպական պետություններում: Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությանը և Նախարարների կաբինետին՝ խորհրդակցություններ սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ և սակագնի սպասվող բարձրացման փոխարեն մայիսի 1-ից նվազեցնել այն», - նշված է Զելենսկու շտաբի պաշտոնական հայտարարության մեջ, որ սոցիալական ցանցերում տեղադրվել է այսօր առավոտյան:

Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ մեկ միլիարդ դոլարի օգնություն է նախատեսում տրամադրել պաշտոնական Կիևին: Դրա դիմաց ազդեցիկ ֆինանսական այս կառույցը երկրի կառավարությունից պահանջում է բնակչության համար սահմանված բնական գազի վճարը համապատասխանեցնել շուկայական գներին: Նախորդ տարվա հոկտեմբերին երկրի կառավարությունն արդեն իսկ գազի սակագինը մոտ 25 տոկոսով բարձրացրել էր` փոխարենը ստանալով Արժույթի հիմնադրամի 4 միլիարդանոց հերթական տրանշը:

Տարեսկզբին արդեն, հետևելով Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կոչին, «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերությունը հայտարարեց, որ գազի սակագինը շարքային ուկրաինացիների համար մայիսի 1-ից աճելու է ևս 15 տոկոսով:

Նախագահական ընտրությունների հաջորդ օրը, սակայն, ընկերությունը անսպասելիորեն փոխեց մտադրությունը` հայտարարելով, թե մայիսի 1-ից գազի սակագինը ոչ թե աճելու է, այլ՝ նվազելու: Կիևցի որոշ վերլուծաբանների կարծիքով՝ էներգետիկ ընկերության ղեկավարությունն այս քայլով փորձում է հաճոյանալ ընտրյալ նախագահ Զելենսկուն, որն ընտրարշավի ընթացքում բազմիցս է հայտարարել գազի սակագնի նվազեցման անհրաժեշտության մասին:

Սակագնի նվազեցմանը կողմ է նաև Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, որին այս պաշտոնում նշանակել էր Պետրո Պորոշենկոն: «Մինչև ամսի 24-ը «Նաֆտոգազ Ուկրաինի»-ն պետք է տեղեկացնի բոլոր ուկրաինացիներին, որ գազի սակագինը նվազեցվելու է: Եթե դա տեղի չունենա, ես կնախաձեռնեմ ընկերության ղեկավարի հրաժարականը և այդ հարցը կընդգրկեմ կառավարության նիստի օրակարգում: Ինչպես և միլիոնավոր ուկրաինացիներ, ես ևս այս ամենից արդեն զզվել եմ», - հայտարարում էր Գրոյսմանը:

Ուշագրավ է, ի դեպ, որ Վլադիմիր Գրոյսմանը գազի սակագնի նվազեցման հարցում ընտրյալ նախագահի տեսակետը պաշտպանեց նրանից հետո միայն, երբ Զելենսկու շտաբի ներկայացուցիչները հայտարարեցին, թե նոր նախագահը պատրաստ է պաշտոնը ստանձնելուց հետո համագործակցել վարչապետի հետ: Այդ համագործակցությունը, այդուհանդերձ, հազիվ թե երկար տևի, քանի որ հոկտեմբերին արդեն կայանալու են երկրի խորհրդարանի` Գերագույն ռադայի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում, ըստ ամենայնի, նոր կոալիցիա կձևավորվի:

Խորհրդարանում ներկայացված խմբակցություններից մի մասը, մինչդեռ, ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիի հրաժարականը:

«Գործընկերներ, ստորագրություններ հավաքեք: Ես ձեզ խոստանում եմ՝ երբ բավարար թվով ստորագրություն կհավաքվի, այդ հարցը կդնեմ քվեարկության», - նշում էր Գերագույն ռադայի խոսնակը:

Ուկրաինական խորհրդարանի խոշորագույն երկու խմբակցությունները` «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» և «Ժողովրդական ճակատը», սակայն, կտրականապես դեմ են Ռադայի խոսնակի պաշտոնանկությանը, համարելով, որ դա կարող է դառնալ խորհրդարանը ցրելուն ուղղված առաջին քայլը:

Վլադիմիր Զելենսկին Ռադայի հնարավոր լուծարումը, ի դեպ, չէր բացառել: Այնինչ խորհրդարանի խոշորագույն խմբակցությունները պնդում են, որ նման քայլը հակասահմանադրական կլինի, և Գերագույն ռադան պետք է աշխատի մինչև իր լիազորությունների ավարտը` այս տարվա հոկտեմբեր:

Զելենսկու թիմում, այնուամենայնիվ, հասկանում են, որ նորընտիր նախագահի պաշտոնավարման առաջին ամիսները կարող են վերածվել Գերագույն ռադայի հետ իսկական «սառը պատերազմի»: Բանն այն է, որ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայում որևէ պատգամավոր չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG