Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը չի վիճարկում «հակահեղափոխական» օրենքի մասով ՍԴ որոշումը


Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է համարել նախորդ գումարման Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության հեղինակած և ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հավանությանն արժանացած օրենքի նախագիծը, որը 2018 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական անվանեց, քաղաքացիներին հրավիրեց խորհրդարանի մոտ և հենց փողոցում պաշտոնից ազատեց օրենքին կողմ քվեարկած ուժերի՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի նախարարներին ու մարզպետներին:

Դեպքերը նախորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ հրաժարականին, որի արդյունքում 2 շաբաթ վարչապետի նոր թեկնածու չընտրվեց և տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովի լուծարումը խոչընդոտող նախագիծը Փաշինյանն ու թիմակիցները հակահեղափոխական ու հակասահմանդրական էին որակել:

Այսօր արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է իրենք շարունակում են նույն կարծիքին մնալ. ֊ «Սահմանադրական դատարանը հենց դրա համար է Սահմանադրական դատարան, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կայացնի վճիռներ։ Սահմանադրական դատարանը կայցրել է իր վճիռը, ես, որպես քաղաքական գործիչ, կարող եմ ունենալ վերաբերմունք դրան՝ համարել լավ, վատ և այլն, բայց ես, որպես Ազգային ժեղովի նախագահ, Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը չեմ վիճարկում»։

«Ազատության» դիտարկմանը՝ Հանրապետականը ճիշտ էր այն ժամանակ, դուք սխա՞լ էիք, պատասխանեց. «Բացարձակ, ես այդ հետևությունը իմ ասածից չէի անի, ես ասում եմ, որ էդ վճիռը ինձ կարող է դուր գալ-չգալ, ես համարեմ, որպես քաղաքական գործիչ, ճիշտ, սխալ կամ որևէ այլ որակում տամ, բայց Սահմանադրական դատարանի վճիռը Սահմանադրական դատարանի վճիռ է»։

Հարցին էլ, իսկ եթե ասենք՝ օրենքի ուժով Հանրապետականը ճիշտ էր, արձագանքեց. «Ոչ մի ձև Հանրապետականը ճիշտ չէր»։

Լրագրողների հարցին՝ իր կարծիքի՞ն է մնացել փոփոխության հետ կապված, որ հակասահմանադրական փոփոխություն է եղել կանոնակարգ օրենքում, Միրզոյանը պատասխանեց. «Մարդիկ կարող են ունենալ էդպիսի կարծիք, ինստիտուտների միջև լինի վեճ, որից հետո դիմեն Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը վերջնական պատասխան է տալիս այս հարցին, որից հետո մեքն կարող ենք մնալ մեր հին կարծիքին, չմնալ, բայց կա Սահմանադրական դատարանի վճիռ։ Ես, իհարկե, իմ հին կարծիքին եմ, բայց կարող են լինել նրբերանգներ, որոնց անդրադառնա Սահմանադրական դատարանը և անկախ նրանից, ով ինչ կարծիքի է այս հարցում վերջնական պատասխան տալիս է Սահմանադրական դատարանը»։

Գործող «ԱԺ կանոնակարգի» համաձայն, վարչապետի ընտրության նիստը համարվում է չկայացած, եթե անգամ պատգամավորների բացակայության պատճառով քվորում չկա, իսկ ՍԴ-ում վիճարկվող փոփոխությունը ենթադրում էր, որ եթե խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, քանի դեռ չեն վերացել այդ խոչընդոտները։

Փոփոխությունը 21 օր շարունակ չստորագրեց և Սահմանադրական դատարան ուղարկեց նախագահ Արմեն Սարգսյանը: Բարձր դատարանը վիճարկվող դրույթները Սահմադրությանը համապատասխան է համարել, համաձայն Մայր օրենքի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը, իսկ եթե վերջինս պահանջը չի կատարում, ապա դա պարտավորովում է անել ԱԺ նախագահը:

Արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնված ԲՀԿ խմբակցությունում հարցը անցած֊գնացած են համարում և չեն պնդում, որ ժամանակին իրենք ճիշտ էին, Փաշինյանը սխալ և օրենքը փաստորեն Սահմանադրությանը չի հակասում:

«Ես կարծում եմ, որ էն ժամանակ եղել է ընթացակարգային խնդիր կապված պատգամավորի լիազորությունների իրականացման ապահովման հետ, ինչ-որ եղել է արդեն անցել է։ Ինչ վերաբերում է նախարաների հետ կապված խնդիրներին, ես անձամբ կարծում եմ, որ առանձնապես մեծ տեղ չէի տա, թե դա գրվել է, ասենք թե, գրասենյակում, թե որևէ այլ տեղ», - ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է ասել, որ իրենք ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանը սխալ, պատասխանեց. «Ինչ որոշում, որ կայացրել է Սահմանադրական դատարանը, էդ որոշումը ես կարծում եմ, որ մենք կարող ենք նաև հարգել էս փուլի իրավական ռեժիմներով»։

Խորհրդարանական ուժերը դժվարանում են ասել՝ կանոնակարգ օրենքում նոր փոփոխությունների նախագիծ կներկայացնեն, թե ոչ։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հանրապետականի փոփոխած այս օրենքը հիմա ավելի շատ իշխանություն դարձած «Իմ քայլի» շահերից չի՞ բխում, Մելքումյանը պատասխանեց․ «Կրծում եմ, իրավական զինանոցում միշտ էլ կարելի է ունենալ գործիքիներ, իսկ թույլ չտալը, վարչարարությունը և այլն արդեն կառավարության և ընդհանրապես խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունից է բխում»։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ այստեղ իրավական խնդիր չկար և միայն քաղաքական հարց էր լուծվում, պատասխանեց. «Քաղաքականի և իրավականի սահմանը միլիմետրով, թե որտեղ է վերջանում քաղաքականը, որտեղ է իրավականը, կարծում եմ, իրար հետ փոխշաղկապված են։ Եկեք չկենտրոնանանք իրավականի, քաղաքականի վրա։ Այն, որ էդ փուլում, ես էդ դրվագի մասին չեմ ասում, պառլամենտում ունեալով մեծամասնություն, օրինակ, քաղաքական էն ժամանակվա խորհրդարանական մեծամասնությունը չէր կարողանում իրականացնել խորհրդարանական համարժեք գործողություն, դա արդեն ցույց է տալիս, որ երկրում էդ փոփոխությունները պետք է լինեն»։

Օրենքի համահեղինակ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ՍԴ որոշման քաղաքական և իրավական գնահատականներին և հետևանքներին կանդրադառնա հաջորդ շաբաթ։ Նախագահի գրասենյակից ևս դեռ չեն մեկնաբանում ՍԴ որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG