Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում ևս մեկ պայթյուն է որոտացել


Շրի Լանկայի եկեղեցիներից մեկը, որտեղ իրականացվել է ահաբեկչություն, 22-ը ապրիլի 2019 թ.
Շրի Լանկայի եկեղեցիներից մեկը, որտեղ իրականացվել է ահաբեկչություն, 22-ը ապրիլի 2019 թ.

Շրի Լանկայում այսօր ևս մեկ պայթյուն է որոտացել՝ երեկվա արյունալի ահաբեկչությունների շարանից հետո, որոնք առնվազն 290 մարդու կյանք են խլել, ավելի քան հինգ հարյուրը՝ վիրավոր են:

«Ռոյթերս»-ի հաղորդմամբ՝ ռումբը պայթել է երեկ հարձակման ենթարկված եկեղեցիներից մեկի բակում՝ մեքենայի մեջ, այս պահի դրությամբ զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ՝ առավոտյան, իրավապահները հայտարարել էին, թե ավելի քան 8 տասնյակ պայթուցիկ սարք են հայտնաբերել ամենամեծ քաղաքի՝ Կոլոմբոյի գլխավոր ավտոկայարանում։ Կղզում լայնածավալ որոնողական աշխատանքներ են՝ մեղավորներին գտնելու համար։ Կատարվածի համար որևէ ուժ առայժմ պատասխանատվություն չի ստանձնել։ Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, թե հարձակումների հետևում կանգնած է տեղական ծայրահեղ իսլամիստական խմբավորումերից մեկը՝ չբացառելով, որ այն նաև դրսից է աջակցություն ստացել։

«Հետախուզության տվյալները վկայում են, որ ահաբեկիչների հետևում միջազգային ցանց է կանգնած», - հայտարարել է երկրի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան՝ կոչ անելով աշխարհի առաջնորդներին աջակցել իրենց՝ մեղավորներին բացահայտելու և հայտնաբերելու համար:

Իրավապահներն արդեն 24 մարդու են ձերբակալել: Կառավարության խոսնակը ժամեր առաջ տեղեկացրել է՝ ըստ նախաքննության, պայթյուններն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից, բոլորն էլ եղել են Շրի Լանկայի քաղաքացիներ։ «Հիմա մենք քայլ առ քայլ ուսումնասիրում ենք նրանց տեղաշարժը՝ հնարավոր կապերը բացահայտելու համար», - հայտարարել է կառավարության ներկայացուցիչը՝ Ռաջիթհա Սենարատնեն։

«Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք արդեն, արդեն իսկ կան ձերբակալվածներ։ Իրավապահները առանձին-առանձին ուսումնասիրում և քննում են՝ ահաբեկիչներից յուրաքանչյուրը մինչ այդ որտեղ է եղել, ինչով է զբաղվել և որտեղ է վերապատարստվել», - նշել է Սենարատնեն։

Շրի Լանկայի պատմության մեջ ամենաարյունալի հարձակումները սկսվել էին երեկ առավոտյան. մեկը մյուսի ետևից պայթյուններ էին որոտացել 4 շքեղ հյուրանոցներում ու երեք եկեղեցիներում, որտեղ հավատացյալները Քրիստոսի հարության տոնն էին նշում: Զոհերի մեծ մասը Շրի Լանկայի բնակիչներ են, մոտ երեք տասնյակը՝ օտարերկրացիներ: Ընդ որում, ողբերգությունը տեղի է ունեցել մոտ կես տարի առաջ երկրում սկսված քաղաքական ճգնաժամի ֆոնին, և հիմա շատերն են թերահավատ՝ արդյո՞ք պառակտված իշխանությունը կարող է միավորվել և դիմակայել այս մարտահրավերին:

Ներիշխանական կրքերը բորբոքվել էին մոտ կես տարի առաջ, երբ նախագահը անակնկալ, առանց գործող վարչապետին պաշտոնից ազատելու, կառվարության ղեկավար էր նշանակել նախկին նախագահ, պատգամավոր Մահինդա Ռաջապակսային: Փաստացի երկրում ստեղծվել էր երկիշխանություն, որը գործել էր շաբաթներ շարունակ, մինչև Վերաքննիչ դատարանը հակասահմանադրական էր ճանաչել վարչապետին փոխելու՝ նախագահի հրամանագիրը: Ռանիլ Վիկամասինգհը վերստին ստանձնել էր վարչապետի պաշտոնը, նախկին նախագահի հետ կապեր ունեցող ուժայինները, սակայն, նրա վերադարձը մեծ ոգևորությամբ չէին ընդունել: Վարչապետը անցած հոկտեմբերից զրկվել էր Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունքից: Եվ հիմա կառավարության անդամները ուժայիններին քննադատելու առիթը բաց չեն թողնում:

«Միջազգային հետախուզական ծառայությունները զգուշացրել էին մեր իրավապահներին սպասվող հարձակումների մասին, պաշտպանության նախարարությունը ևս ոստիկանությանն ու հետախուզությանը զեկույց էր ներկայացրել՝ նշելով ահաբեկչական խմբավորման տվյալները», - այսօր հայտարարել է կառավարության խոսնակը՝ ընդգծելով, որ այս պահին հստակ չէ՝ ինչ քայլեր են ձեռնարկել ուժայիններն ի պատասխան։

«Մոտ 300 մարդ է զոհվել, 500 վիրավորվել, ոմանք դարձել են հաշմանդամ, մենք շատ-շատ ենք ցավում կատարվածի համար, և որպես կառավարություն, պետք է ներողություն խնդրենք զոհվածների ընտանիքներից ու տուժածներից», - ասել է խոսնակը։

Ավելի ուշ նախարարներից մեկը Թվիթերում գրել էր՝ հետախուզության որոշ ղեկավարներ տեղյակ էին այս հարձակումից, սակայն ժամանակին քայլեր չեն ձեռնարկել «հարկավոր է լրջորեն հետաքննել՝ ինչու են նրանք հապաղել»:

Աշխարհի տասնյակ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն ու նախագահը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի իշխանություններին՝ խստորեն դատապարտելով բարբարոսական հարձակումների շարքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG