«Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է Տոկաևի նախընտրական քարոզարշավին:
Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևն առայժմ պաշտոնապես չի հայտարարել արդյո՞ք մասնակցելու է հունիսի 9-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններին, թե՞՝ ոչ:
Աղբյուրի փոխանցմամբ, այս շաբաթ Ղազախստանի իշխող «Նուր Օտան» կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը, ինչն էլ կերաշխավորի 65-ամյա գործչի հաղթանակը:
Սենատի նախկին նախագահ Տոկաևը երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Ղազախստանի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:
Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարը, սակայն, չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը: