Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանն այսօր մերժեց Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Մերժման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ Գրիգորյանի բուն գործն արդեն ուղարկվել է դատարան։ Որոշումը անակնկալ չէր պաշտպանական կողմի համար, սակայն այս դեպքում, փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, հաճելիորեն զարմացել են՝ «առաջին անգամ օրինական որոշում է կայացվել»:

«Երևի թե Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման սկսվելու պահից առ այսօր սա Մարինե Մելքոնյանի կամ Արսեն Նիկողոսյանի կողմից միակ պատճառաբանված, օրենքի հետ աղերս ունեցող դատական միջանկյալ ակտն է։ Քանի որ գործն արդեն ուղարկվել է դատարան և տվյալ պարագայում կստացվեր, որ դատարանը եթե բավարարեր էս միջնորդությունը, դուրս կգար իր լիազորությունների շրջանակներից։ Այսինքն՝ մի հրաշք տեղի ունեցավ, երբ Մարինե Մելքոնյանը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեկուզ և դա մերժումն էր: Այս դեպքում դա բավարարելը կլիներ օրենքի խախտում», - մեկնաբանեց փաստաբանը:

Գրիգորյանի պաշտպանները նրան գրավով ազատ արձակելու բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել: Դրանց հստակ թիվն անգամ փաստաբանը չի հիշում: Միջնորդություններից միայն մեկն էր բավարարվել և Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակով հայտնվեց ազատության մեջ, հետո նորից կալանավորվեց:

Մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Նրանք վերջերս դիմել էին Եվրոպական դատարան՝ պահանջելով Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաև տեղափոխել Ֆրանսիա՝ հետազոտություններ անցկացնելու նպատակով։

«Կառավարության ներկայացուցիչը պատասխանել է, որ 1-ին՝ հիմնական մասը կատարված է, իսկ Ֆրանսիա տեղափոխելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Բժիշկները հիմա դրա վրա են աշխատում՝ կա, թե չկա։ Երբ կունենանք դրա պատասխանը, բնականաբար կձեռնարկենք, կամ գուցեև հիմա գործը քննող դատարանը այդ հարցին անդրադառնա և կարիքը չլինի դիմելու Եվրոպական դատարան», - մանրամասնեց Արսեն Մկրտչյանը:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ ստորագրությամբ ազատ արձակված Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչներին ազատազրկած դատավոր, որի նկատմամբ դրական են տրամադրված Գրիգորյանի պաշտպանները:

«Լուրջ դատավոր է, և մինչև հիմա այդ կարծիքին եմ եղել։ Դատական համակարգում կան կայացած դատավարներ, անկախ նրանից, թե նրանք ինչ որոշումներ են կայացնում», - կարծիք հայտնեց փաստաբանը:

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG