Մատչելիության հղումներ

«Զինվորի բաժին» է հայտնաբերվել նաև Գրիգորյանի՝ ԼՂ-ում գտնվող առանձնատանը, ձերբակալվել է նրա բարեկամը․ ՀՔԾ


Մանվել Գրիգորյանին պատկանող՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանը ևս «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ և այլ ապրանքներ են հայտնաբերվել, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի»,- հաղորդում է ՀՔԾ-ն, հավելելով, որ քրեական գործի շրջանակներում 19.06.2018 թ.-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:

Նախօրեին դատարանը բավարարել էր Մանվել Գրիգորյանին կալանավորելու միջնորդությունը: Նույն օրը, ավելի վաղ, Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրիգորյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց նրան պատկանող պահեստներում ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկություններից ու սկանդալային բացահայտումներից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG