Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վարչական միավորումների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը և այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նույն օրը պատվիրակությունը Արցախի Պաշտպանության բանակի շտաբում մասնակցել է հավաք-պարապմունքների:
Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ Աարցախի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Այցի ընթացքում Հայաստանի և Արցախի ռազմական գերատեսչությունների ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:
Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: