Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ Զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:
Արտակ Դավթյանն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը: