Մատչելիության հղումներ

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողեր լվացողներին, հանցախմբերի անդամներին․ վարչապետ


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման հարցը կարևոր նշանակություն ունի հակակոռուպցիոն իրական պայքար տանելու առումով, և դրան ուղղված իրավական մեխանիզմները՝ և՛ մարդու իրավունքների պաշտպանության, և՛ բանկային գաղտնիքի ապահովման, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պետք է համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյաննը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, բացելով քննարկումը՝ Փաշինյանը մասնավորապես ասել է․ - «Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

«Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել», - նշել է վարչապետը՝ մանրամասնելով․ - «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին: Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր»:

«Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է», - ընդգծել է Փաշինյանը և շարունակել․ - «Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, <...> շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար»:

Վարչապետը ներկայացրել է տվյալ ինստիտուտի էությանը՝ շեշտելով, մասնավորապես, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ, ընդհակառակը՝ իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, իրականացվում է գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ: Բացի այդ, ըստ Փաշինյանի, «այս ինստիտուտը բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործուն մեխանիզմ է հանցագործության հետ կապված գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու, այդպիսով նաև փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»:

«Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բռնագանձումը կատարվում է ոչ թե քրեական դատավարությանը, այլ քաղաքացիական դատավարությանը բնորոշ կանոններով», - նաև նշել է վարչապետը:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն առաջին հերթին ուղղված է նաև նրան, որ ստեղծվեն պատշաճ իրավական մեխանիզմներ միջազգային համագործակցության շրջանակներում՝ կապված Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից այս ինստիտուտի համատեքստում վճիռների ճանաչման և դրանց հիման վրա առանց քրեադատավարական ընթացակարգերի, քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձման համար, ասել է Փաշինյանը:

Նա թվարկել է միջազգային փաստաթղթերը, որոնցով այս ինստիտուտը կարգավորվում է, մասնավորապես՝ Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից:

«Սա բնականոն գործընթաց է, ըստ էության, որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղ կա նաև որոշակի առնչություն քաղաքական գործընթացների հետ, որովհետև մեծ հաշվով դժվար էր հավատալ, որ առանց երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների իրական քայլեր կարվեին՝ այս ինստիտուտն իրականում ներդնելու համար: Բայց հիմա մենք խնդիր ունենք ոչ միայն այս ինստիտուտն ուղղակի ներդնել, այլ խնդիր ունենք լուծել հետևյալ հարցերը՝

1. Որպեսզի մենք համոզված լինենք, որ սա գողացված ակտիվների վերադարձի գործուն մեխանիզմ է:

2. Որ սա քաղաքական վենդետայի գործիք լինել չի կարող:

3. Որ այս ողջ գործընթացի ընթացքում մենք ի վիճակի կլինենք ապահովել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և Հայաստանի Հանրապետությունն այս իմաստով որևէ նեգատիվ ազդեցություն չի ունենա՝ նկատի ունեմ երկրի իմիջի առումով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից: Բայց նաև մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը դեկլարատիվ մակարդակից տեղափոխվի ինստիտուցիոնալ մակարդակ», - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Նա նաև նշել է, որ այսօր նաև զուտ ներդրումային միջավայրի առումով առնչվում են շատ կոնկրետ խնդիրների․ - «Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ, երբ նրանք որևէ տեղում հող ձեռք բերելու համար բախվում են անտրամաբանական գների, այսինքն՝ այդ սեփականատերերը մի քանի միլիոն դոլարով փորձում են վաճառել ինչ-որ գույք, հող: Կան ներդրողներ, ովքեր չեն ալարել և փաստաբաններ են վարձել և հետաքննել են, ըստ էության, պարզելու համար, թե, օրինակ, այդ գույքն ում է պատկանում և ինչ գնով է ձեռք բերվել: Պարզվում է, որ դրանք պատկանում են, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների՝ ներկա կամ նախկին, էական չէ տվյալ դեպքում, և այդ գույքը ձեռք է բերվել, ասենք, ծիծաղելի գներով և հիմա 1000, 2000, 3000, 10000 տոկոսով ավելի գներով փորձ է արվում վաճառել: Մենք պետք է այս խնդիրներին ոչ էմոցիոնալ հանգիստ, հանդարտ որոշակի վերաբերմունք ձևավորենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք այս խնդիրները լուծելու»:

Փաշինյանն ընդգծել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձանց, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ամփոփել ներկայացված օրենքի նախագիծը և ուղարկել միջազգային փորձաքննության:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG