Մատչելիության հղումներ

Կիևի մարզադաշտում աննախադեպ բանավեճը դժվար թե խարխլի Զելենսկու դիրքերը


Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պետրո Պորոշենկոն
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պետրո Պորոշենկոն

Ուկրաինայում հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ ապրիլի 21-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու հաղթանակը կանխորոշված է: 41-ամյա շոումենը կարող է դառնալ Ուկրաինայի վեցերորդ նախագահը:

Եվ այսօր Կիևի Օլիմպիական մարզադաշտում նախատեսված, երկար սպասված, բուռն քննարկումների տեղիք տված, Ուկրաինայի քաղաքականության պատմության ընթացքում նախադեպը չունեցող թեկնածուների միջև բանավեճը դժվար թե խարխլի Զելենսկու դիրքերը, ով բանավոր մենամարտում, ամենայն հավանականության, կզիջի փորձառու քաղաքական գործիչ և հռետորական արվեստին տիրապետող գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Մինչ մի քանի ժամից 70 հազար տեղանոց մարզադաշտում մեկնարկող այդ բանավեճը, Ուկրաինան շաբաթներ շարունակ հետևում էր, թե ինչպես են երկրի ղեկավարի աթոռին հավակնող Զելենսկին և Պորոշենկոն իրար դեբատի կանչում, ալկոհոլից և թմրանյութերից կախվածության անալիզներ հանձնում, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում՝ հաճախ ոչ քաղաքական բառապաշարով:

Փորձագետները նկատում են, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների քարոզարշավը պայքար էր ոչ թե թեկնածուների ծրագրերի միջև, այլ «սև» տեխնոլոգիաների` ուղեկցված ատելության և թշնամանքի խոսքով:

Ընտրությունները Ուկրաինայում տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը բռնակցել է սևծովյան թերակղզի Ղրիմը և զինված հակամարտություն է հրահրել երկրի Արևելքում:

Բանավեճի նախօրեին Պորոշենկոն ներողություն և երկրորդ հնարավորություն է խնդրել: Հեռուստատեսային ուղերձում դիմելով ընտրողներին՝ նա խնդրել է իրեն աջակցել: «Ես ևս մեկ անգամ խնդրում եմ ձեզ՝ ներել ինձ», - հայտարարել է Ուկրաինայի գործող նախագահը, ով իրեն համարում է միակ քաղաքական գործիչը, ով ի վիճակի է խոսել Ռուսաստանի հետ:

Վերջին սոցհարցումների արդյունքներով, Պորոշենկոն իր վարկանիշով գրեթե եռակի զիջում է Զելենսկուն՝ գործող նախագահի համար պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 27 տոկոսը, մինչդեռ օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած դերասանին աջակցում է ընտրողների 73 տոկոսը:

"РБК-Украина"-ի հետ վերջին հարցազրույցներից մեկում իրեն ժողովրդի ծառան համարող Վլադիմիր Զելենսկին խոստացել է հաղթանակի դեպքում չխզել կապը ընտրողների հետ, մշտապես հաշվի նստել հանրային կարծիքի հետ, միևնույն ժամանակ չմիջամտել լրատվամիջոցների աշխատանքին:

Նախընտրական արշավի առաջատար թեկնածուն նաև հայտարարել է, որ նախագահ դառնալուն պես համաներմամբ ազատ կարձակի ռուսամետ Դոնեցկի և Լուգանսկի զինյալներին, կհրաժարվի նախագահական օդանավերից, ինչպես նաև նախագահական առանձնատներից: Հարցին, թե Պուտինին թշնամի համարո՞ւմ է, դերասանը պատասխանել է․ - «Իհարկե»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG