Մատչելիության հղումներ

Զելենսկին և Պորոշենկոն պատրաստվում են Կիևի մարզադաշտում անցկացվելիք բանավեճին


Ուկրաինա - Կիևի Օլիմպիական մարզադաշտը, արխիվ
Ուկրաինա - Կիևի Օլիմպիական մարզադաշտը, արխիվ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր առավոտյան բժշկական հետազոտություն են անցել, այդ թվում՝ ստուգելու նաև արյան մեջ թմրանյութերի կամ ալկոհոլի առկայությունը:

Ապրիլի 21-ին նշանակված երկրորդ փուլից առաջ բժշկական հետազոտություն անցնելը Զելենսկու պայմաններից մեկն էր՝ դեբատներին մասնակցելու համար: Նա այսօր առավոտյան «Եվրոլաբ» լաբորատորիա է գնացել, Պորոշենկոն՝ Կիևի Օլիմպիական մարզադաշտի բժշկական կետը:

Նախընտրական երկրորդ քարոզարշավի սենսացիան թեկնածուների միջև դեբատները Կիևի Օլիմպիական մարզադաշտում անցկացնելն է:

Նախօրեին Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակեց մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքները: Ամփոփվեց քվեների 100 տոկոսը՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսը, Պետրո Պորոշենկոն՝ գրեթե 16 տոկոսը: Նույն օրը Պորոշենկոն հայտարարեց, որ ընդունում է բանավեճը մարզադաշտում անցկացնելու՝ իր մրցակցի մարտահրավերը, չնայած օրենքը այլ պայմաններ է նախատեսում:

«Դեբատների պայմանները շարադրված են նախագահական ընտրությունների մասին օրենքում, կարդացեք այն, խնդրում եմ: Այն պետք է տեղի ունենա Հանրային հեռուստաընկերությունում և հեռարձակվի բոլոր հեռուստաալիքներով՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց համար: Բայց թող դա մարզադաշտը լինի, եթե այդպես եք ցանկանում: Ես կսպասեմ Ձեզ, Վլադիմիր Ալեքսանդրովիչ», - Թվիթերի տեսաուղերձում ասել է Պորոշենկոն:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահները պատրաստ են ապահովելու անվտանգությունը, եթե թեկնածուները որոշեն բանավեճն անցկացնել մարզադաշտում:

«Մարզադաշտ, ուրեմն՝ մարզադաշտ: Առաջին անգամը չէ: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցած տարվա մայիսին անցկացվեց առանց խնդիրների: Միայն թե մեկ և խիստ պահանջ ունենք՝ որ երկու թիմերի երկրպագուները իրենց քաղաքավարի պահեն և չխախտեն հասարակական կարգը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Շևչենկոն:

Հանրային հեռուստաընկերությունը տեխնիկապես հնարավորություն ունի ուղիղ հեռարձակում իրականացնելու Կիևի մարզադաշտից, բայց 2014 թվականի օրենքով կարգավորված է նաև դեբատների անցկացման կարգը, և ըստ օրենքի՝ այն պետք է տեղի ունենա Հանրային հեռուստաընկերության ստուդիայում: Նախօրեին Հանրային հեռուստաընկերության ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է օրենքի պահանջի մասին՝ ասելով, թե թեկնածուները կարող են հանդիպել մարզադաշտում, բայց դա կհամարվի նախընտրական քարոզչություն, այլ ոչ թե դեբատներ, և բոլոր ծախսերը պետք է փակեն իրենք՝ թեկնածուները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG