Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ այցելել է Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտ, որտեղ տեղի է ունեցել «Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկում ֆրանսիացի առաջատար փորձագետների հետ՝ «Չեթըմ Հաուս»-ի կանոններով:
Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշել է. - «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին գործընթաց էր: Վստահ եմ՝ կհիշեք փոփոխություն պահանջող մարդկանց հոսքը Հայաստանի փողոցներում և նրանց ձեռքին նկատած կլինեք բարձրացված դրոշը՝ հայկական եռագույնը. որևէ այլ դրոշ չկար: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը չուներ որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ: Դա վերաբերում է մեզ, մեր երկրին և մեր ժողովրդին»:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության խորը գիտակցության վրա, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ պատմական համատեքստը, տարածաշրջանային քաղաքականությունը և արդի համաշխարհային մարտահրավերները:
Մնացականյանի խոսքով՝ վերջին 27 տարիների ընթացում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի հիման վրա: Այդ սկզբունքը ներառում է ռազմաքաղաքական անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը: Համապարփակ անվտանգության ապահովման նպատակով Հայաստանը համագործակցում է իր դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ՝ մշտապես ունենալով այն ելակետը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես հայաստանամետ է, և Հայաստանը որևէ երկրի հետ իր հարաբերությունները չի կառուցում մեկ այլ երկրի հաշվին։
Հարցուպատասխանի ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի առնչությամբ։
Մնացականյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով, որ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անվտանգ և ազատ ապրելու անօտարելի իրավունքի հարգման վրա: