Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն:
Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանն իր շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասել է. - «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:
Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները:
Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը:
Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:
Շնորհավոր Չարշամա սարե սալե»: