Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը Փարիզում հանդիպել է Ժան Իվ Լը Դրիանի հետ, այցելել է Աստվածամոր տաճար


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Փարիզ աշխատանքային այցը երեկ սկսվել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր։

Մնացականյանը նշել է, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Նա նաև իր գործընկերոջն է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն են հայտնել ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ, ընդգծելով երկուստեք պատրաստակամությունը՝ ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում:

Առանձնահատուկ կարևորվել է Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանյուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Մնացականյանը կարևորել է նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվել է խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար:

Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային այցը Ֆրանսիայի մայրաքաղաք կշարունակվի մինչև ապրիլի 18-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG