Մատչելիության հղումներ

Բաքուն առնվազն այս տակտիկական փուլում ստիպված է գալ և խոսել խաղաղության մասին. Հակոբ Բադալյան


Թավշյա հեղափոխությունից հետո Երևանը մի շարք ռազմավարական նշանակության նոր շեշտադրումներ սկսեց անել արցախյան հիմնախնդրի շուրջ, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, նշելով՝ դրանք հայտարարություններ են, որոնք նոր իրավիճակ են ձևավորում՝ օգտագործելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության կապիտալը։

Բադալյանն ընդգծեց՝ Բաքուն առնվազն այս տակտիկական փուլում ստիպված է գալ և խոսել խաղաղության մասին։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին ընդգծեց՝ Հայաստանի հեղինակությունն այսօր բավական բարձր է, և Ադրբեջանը հասկանում է, որ հիմա այս ձևի երկրի դեմ դուրս գալն այնքան էլ լավ չէ իրենց համար։

«Ազատություն». - Մոսկովյան բանակցություններում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Սա, կարելի է ասել, առաջին պայմանավորվածությունն է, որը հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեցին։ Սա ի՞նչ է նշանակում՝ որքան հասկանում ենք, կողմերն արդեն գործնականում սկսել են խաղաղությո՞ւն կառուցել։

Հակոբ Բադալյան. - Սա պետք է դիտարկել երևի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կիրառվող նոր մոտեցումների շրջանակում, որովհետև տեսեք՝ Երևանը մի շարք ռազմավարական նշանակության նոր շեշտադրումներ սկսեց անել՝ սկսած Արցախի մասնակցության հանգամանքից, մինչև ես նույնիսկ կներառեմ առերևույթ Արցախի գործընթացի հետ կապ չունեցող հայտարարությունը, բայց շատ նշանակալի և նշանային հայտարարությունն այն մասին, որ «պատերազմի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, և պատերազմ կլինի այն դեպքում, եթե Ռուսաստանը որոշի չզսպել այդ պատերազմը»։ Սրանք հայտարարություններ էին, որոնք նոր իրավիճակ են ձևավորում՝ օգտագործելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության կապիտալը, և շատ հատկանշական է, որ Փաշինյանն առաջին իսկ քայլով փորձեց այդ կապիտալն իրացնել հենց արցախյան գործընթացում՝ մայիսի 9-ից ընդհուպ սկսած։ Այս հանգամանքը պետք է բերեր նոր իրավիճակի, և այս գործընթացը, որ մենք տեսնում ենք, ես գնահատում եմ նոր իրավիճակի համատեքստում։ Տեսեք, Ադրբեջանն ի՞նչ պետք է անի՝ կամ պետք է հակադրվի Երևանի առաջ քաշած հարցերին, էդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են լինելու իր քայլերը՝ գնում է ռազմական ծավալների, ռազմական քայլերի ակտիվացմա՞ն, եթե ոչ, ապա ի՞նչ է անում քաղաքական դաշտում, և այստեղ ստեղծվում է իրավիճակ, որ Բաքուն առնվազն այս տակտիկական փուլում ստիպված է գալ և խոսել խաղաղության մասին։

«Ազատություն». - Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ փոխվեց, որ կողմերը որոշեցին գալ որևէ պայմանավորվածության, պարոն Բադալյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։ Ի՞նչ է նշանակում այս պայմանավորվածությունը, տասնամյակներ շարունակ հակամարտող կողմերի արտգործնախարարները որոշում են նստել և որևէ հարցի շուրջ պայմանավորվածության գալ, սա շատ կարևոր քաղաքական մաս է, և ինչո՞ւ, այնուամենայնիվ, հիմա որոշեցին գնալ այդ քայլին։

Ստեփան Գրիգորյան. - Նախ ուզում եմ ասել, որ այո՛, թավշյա հեղափոխության գործոնը կա, ես այսպես կվերաձևակերպեի՝ Նիկոլ Փաշինյանի գործոնը։

«Ազատություն». - Բայց դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի դիրքորոշման վրա։

Ստեփան Գրիգորյան. - Ուղղակիորեն, քանի որ ինքն այն մարդն է, որը կապ չուներ ղարաբաղյան 90-ական թվերի պատերազմի հետ, ինչ-որ թարմ դեմք, մարդը, որը կապվածություն չունի այդ բարդ պրոցեսների հետ։ Ադրբեջանը կարող էր անտեսել, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ միգուցե իմաստ ունի: Երկրորդ գործոնը՝ հեղինակությունը Հայաստանի բավական բարձր է, հետաքրքրությունը բարձր է, հիմա այս ձևի երկրի դեմ դուրս գալ այսպես պրիմիտիվ, դա այդքան էլ լավ բան չէ ադրբեջանցիների համար, բացի դրանից՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիք հասկացան, որ պատերազմում հաջողությունների գալ գրեթե անհնար է, նույնիսկ եթե փոքր հաջողություն կլինի, դրա փոխարժեքը շատ մեծ է լինելու։

Մոսկովյան եռակողմ բանակցությունների ավարտին հետևեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են, որ մտադիր են շարունակել դիվանագիտական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։ Արձանագրված է, որ հակամարտող կողմերը շահագրգռված են շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կալանավորված անձանց մտերիմների այցելությունը։ Նախարարները մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք սկսելու պատրաստակամություն են հայտնել։ Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG