Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև հուշագիր է ստորագրվել


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրան այցի շրջանակում երեկ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև ՀՀ և ԻԻՀ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»:

«Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի և Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար: Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջև հաստատվեց համագործակցություն և փոխադարձ օժանդակություն, ինչպես նաև հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առևտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից և վճարներից խուսափելու դեմ պայքարին», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Այցի շրջանակում կայացել է նաև երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆահրադ Դեջբասանդի հետ, քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ դիտարկվել են ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների ավելացման, ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման վերաբերյալ հարցեր:Անդրադարձ է եղել նաև ՄԱԶԾ-ի և ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպես նաև Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի և Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ և առևտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակա միջոցառումների հետ կապված հարցեր, հաղորդում է ՊԵԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG