Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում


Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էլմար Մամեդյարովը և Զոհրաբ Մնացականյանը քննարկել են իրադրությունը սահմանին և շփման գծում։

Քննարկվել են նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Նախարարները նաև մտքեր են փոխանակել կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

Հանդիպմանը միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն պաշտոնական կայքէջի՝ ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG