Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը


Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովին հանդիպումը Փարիզում, 16-ը հունիսի, 2019թ․

Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։

Լավրովը հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար, հանդիպման նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք՝ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը հետևել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը, որում, մասնավորապես, նշված էր, թե բանակցություններին Ալիևն ու Փաշինյանն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և հետագայում կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ բանակցային գործընթացում խաղաղ լուծում գտնելու նպատակով։

Համանախագահների տարածած հաղորդագրությունում նշված էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մի շարք քայլեր մշակել հումանիտար ոլորտում և շարունակել ուղիղ երկխոսությունը։

Ռուսաստանը, որոշ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան բանակցություններում նորից ուզում է ստանձնել գլխավոր միջնորդի դերը, ինչպես դա եղել է 2009-2011 թվականներին, երբ Ռուսաստանի այդ տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախաձեռնել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շուրջ տասը հանդիպում։

Մեդվեդևի նախաձեռնությունը, հիշեցնենք, տապալվեց Կազանում 2011-ին, երբ վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG