Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Վահան գյուղում Տոնոյանը ծաղիկներ է խոնարհել հայրենիքը պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, ասված է հաղորդագրությունում:

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են անվտանգային և թիկունքային ապահովման մի շարք հարցեր, որոնց առնչությամբ Դավիթ Տոնոյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել ցուցումներ և հանձնարարականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG