Մատչելիության հղումներ

Գյումրիում հանցագործությունների թվի աճ է գրանցվել


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Շիրակի մարզում այս տարվա առաջին եռամսյակում հանցագործությունների թվի աճ է գրանցվել, դրանք հիմնականում կոռուպցիոն բնույթ ունեն։ Ավելացել են նաև բնակարանային գողությունները: Շիրակի մարզպետարանի հանրային հարթակի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը:

«19 թվականի առաջին երեք ամիսներին, այսինքն՝ առաջին եռամսյակի կտրվածքով, ունենք գրանցված, բացահայտման տոկոսում հաշվվող 393 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 282-ի փոխարեն: Այսինքն՝ ունենք 111 դեպքով հանցագործությունների աճ: Կասեի, որ այդ աճը պայմանավորված է հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումով», - հայտարարեց Գրիգորյանը՝ հավելելով․ - «Կաշառք ստանալ, տալ, միջնորդություն կաշառքի՝ այս տարի մենք ունեցել ենք 38 դեպք, անցած տարի դեպք չենք ունեցել արձանագրված»:

«Եվ հանցագործությունների աճ է արձանագրվում նաև պետական կամ հասարակական գույքի հափշտակության դեպքերով՝ մոտավորապես 35 դեպք: Ստեղ ունենք նաև բնակարանային գողության դեպքերի աճ», - շարունակեց մարզի փոխոստիկանապետը:

Քաղաքացիները հարցեր ունեին հատկապես Ճանապարհային ոստիկանությանը։ Դժգոհեցին, թե կան վարորդներ, ովքեր հենց քաղաքի կենտրոնում իրենց արտոնյալ են զգում:

«Փաստը էն է, որ կան մարդիկ, որոնք առանց, ենթադրենք, պետհամարանիշների, շատ անարգելք շաբաթներով իրենց մեքենան վարում են: Կամ, չգիտեմ, ասենք՝ Սայաթ-Նովա փողոցը, որտեղ արագությունը պետք է չգերազանցի 60 կիլոմետր/ժամ արագությունը, 120-ի տակ իջնում-ելնում են», - ասաց քննարկման մասնակիցներից մեկը: - «Ես հասկանում եմ՝ փոքր քաղաք է, ծանոթությունը շատ է, մոտիկ, բարեկամ, քավոր, սանիկ՝ էդ հարաբերությունները շատ է, բայց գիտե՞ք, էստեղ մի ամբողջ ազգի դեմ, ամեն օր մարդը պարբերաբար էդ օրենքը ոտնահարում է»:

Այնինչ ոստիկանության ներկայացուցիչները բացառեցին, որ կան արտոնյալներ․ - «Չկա մեկը, որ լինի մեր կողմից արտոնված, որ անի այն, ինչ ինքն է ուզում: Դա ձեզ վստահեցնում եմ»:

Ոստիկաններն էլ իրենց հերթին դժգոհեցին, որ համապատասխան կահավորանք չկա: Գյումրիում մի քանի արագաչափ է գործում, իսկ տեսախցիկներն առհասարակ բացակայում են, ինչն էլ, ըստ նրանց, դժվարացնում է իրենց աշխատանքը․ - «Եթե մենք կարողանանք հասնել նրան, որ տեսախցիկները տեղադրվեն, գծանշումները կատարվեն, գծանշանները տեղադրվեն, ուրեմն՝ արդեն իսկ կունենանք լիարժեք մոտեցում էս հարցին: Եվ մնում է նաև մեր ոստիկանության ծառայողի պարկեշտ ծառայությունը էստեղ, որ պիտի ինքն էլ պարկեշտ, բարեխիղճ ծառայություն իրականացնի: Եվ կունենանք իրոք արդյունք մենք»:

Գյումրիում ճանապարհային երթևեկությունը, հատկապես՝ փողոցաշինական ծրագրերի իրականացմամբ պայմանավորված, երբեմն դառնում է անկառավարելի: Ով ինչպես պատահի վարում է՝ փորձելով շրջանցել փոսերը, հողաթմբերը, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում:

Իսկ թե ինչու է դժվարացել հատկապես Գյումրիում երթևեկությունը, դրա բացատրությունն էլ ոստիկանությունն ուներ․ - «26 հազար մեքենա՝ էս մեկ փոքրիկ քաղաքում, և՝ նեղ փողոցներով: Ճիշտ եք, կան և օբյեկտիվ պատճառներ, շատ-շատ կան»:

Երթուղայինների վարորդներից էլ բողոքեցին։ Գյումրիում վերջիններիս «100-դրամանոց քիլերներ» են ասում: Ուղևոր «փախցնելու» համար ոչ միայն անկառավարելի են վարում՝ շատ հաճախ էլ վեճ-վիճաբանություն է լինում:

Ոստիկանների կարծիքով՝ փողոցաշինական ծրագրի ավարտից հետո հնարավոր կլինի նաև համապատասխան կահավորանք ձեռք բերել ու Գյումրիում ևս երթևեկությունը շատ թե քիչ կարգի բերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG