Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներում պոեզիայի դերը մարդու հոգին կենդանի պահելն է»


Գրախանութ Երևանում, արխիվ

20 տարեկան չկար Արփի Ոսկանյանը, երբ 1996 թվականին առաջին պատմվածքներն ու բանաստեղծությունները տպագրեց մամուլում և միանգամից մուտք գործեց գրականություն որպես երիտասարդ տաղանդավոր մարդ, որի հետ կարելի էր համաձայնել կամ ոչ, բայց չտեսնել նրան՝ անհնար էր, քանի որ մուտք էր գործել գրականություն իր ասելիքով և իր ոճական առանձնահատկությամբ:

Արդեն երկու տասնամյակից ի վեր նրա ստեղծագործական գործունեությունն ամփոփված է տարբեր տարիներին հրատարակած բանաստեղծական և արձակ մի շարք ժողովածուներում, նաև՝ մամուլի էջերում:

Եվ ահա առաջիկայում գրական հանրությունը հնարավորություն կունենա ընթերցել հեղինակի ևս երկու նոր ժողովածուները, որոնք, ինչպես նշում էր Արփի Ոսկանյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում, լույս կտեսնեն մինչև հունիս:

Արփի Ոսկանյանի համոզմամբ՝ ստեղծագործական ազատությունը և տպագրվելու, սոցիալական ցանցերում սեփական ստեղծագործությունները ներկայացնելու անսահման հնարավորությունները շատերին են բերում գրականություն, և հիմա յուրաքանչյուրն ունի իր ընթերցողը: Ասում էր՝ այսօր յուրաքանչյուրը կարող է «ունենալ իր երկրպագուների բանակը, և՛ ընթերցողը, և՛ երկրպագուները»: «Երբեմն տեսնում եմ Ֆեյսբուքում, օրինակ, որ էդպես շատ միջին բաներ գրելով, բայց մարդիկ հազարավոր լայքերի մինչև հասնում են: Բայց դա, խոշոր հաշվով, և՛ բնական է, և՛ ողջունելի է, այսինքն՝ էդ մարդիկ ունեն պահանջը դրա, և ամեն առաջարկ գտնում է իր հասցեատիրոջ», - նշեց նա:

«Ի՞նչ է այսօր անհրաժեշտ պոետին, բանաստեղծին, առհասարակ՝ մեր միջավայրը զարգացման համար հնարավորություն տալի՞ս է», - «Ազատության» այս հարցին Արփի Ոսկանյանն արձագանքեց․ - «Գիտե՞ք, ըստ էության, նախկինում չկար, դժվար էր, պետք է երկիրը բաց լիներ, երկիրը ունենար ակտիվ շփումներ, հիմա էդ խոչընդոտը չկա, որովհետև ինտերնետը ազատ է, և յուրաքանչյուրը․․․ Ուղղակի հիմա կա մի ուրիշ դժվարություն՝ ինչպե՞ս կողմնորոշվել ինտերնետի էդ անսահմանության մեջ, ինչպե՞ս գտնել հենց էն որակյալ, լավ առաջարկը, որը քեզ պետք է, ինչպե՞ս իմանալ, օրինակ, ինչ է կատարվում, ենթադրենք, Ամերիկայում, կամ Անգլիայում, կամ Ֆրանսիայում, կամ Հնդկաստանում, պոեզիան ինչպիսին է»:

«Նոր ժամանակներում առհասարակ պոեզիայի դերը մարդուն կենդանի պահելն է, մարդու հոգին կենդանի պահելն է, դիպչելն է այնպիսի կետերի մարդու մեջ, որոնց հնարավոր չէ դիպչել, ասենք, արձակով, կամ ավելի դժվար է: Եվ ինչպես գտնել հենց են պոետներին, հենց էն պոեզիան, որը ոչ միայն հետաքրքիր է ինքնին իբրև գրականություն, այլև էդ գրականության մեջ ինչ-որ մի բան է փոխում, շարունակում է էդ գրականության ընթացքը: Այսինքն՝ դրա համար, այնուամենայնիվ, բավարար պայմաններ և բավարար ինֆորմացիա չկա: Էդ բանը պիտի անեին գրական պարբերականները և միգուցե որոշ չափով նաև Գրողների միությունը, բայց ես, լինելով պրոցեսի մեջ, հասկանում եմ, որ այդ բացը կա», - նշեց բանաստեղծուհին:

Նա հայտնեց, որ պատրաստվում է մինչև հունիս հրատարակել «Քաղաքական հանելուկները», որը «քաղաքական պոեզիա է և շատերին լավ ծանոթ, «Հայկական ժամանակ»-ում պարբերաբար տպվում էր», և իր ծաղրանկարները նաև, ու «Մեղրամիս» վեպը՝ «էլի քաղաքական վեպ է»: «Ըստ էության, հիմնականում վեպը իմ և ամուսնուս՝ արձակագիր Համբարձում Համբարձումյանի այցն է Ավստրիա՝ մեր ամուսնության առաջին տարում, ու նաև, իհարկե, մեր Հայաստանի՝ էն ժամանակ փոխվող, հիմա նաև արդեն փոխված իրականության մասին է: Նույնիսկ հիմա դեռ շարունակում եմ վրան փոփոխությունները անել», - ասաց Արփի Ոսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG