Մատչելիության հղումներ

Կառավարությունը պարտադիր է դարձնում մանկական նստատեղերը


«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի զգուշությունն ու զգոնությունն իրավիճակին այլ ընթացք էին տվել. երեխան լուրջ վնասվածքներ չէր ստացել:

«Իմ աչքի դեմը՝ Ազատության պողոտայի վրա. իմ դիմացի մեքենայից երեխան դուռը բացեց, հետևի նստատեղից դուրս թռավ մեքենայի միջից: Դիստանցիայի հաշվին հասցրեցի արգելակել ու վրաերթի չենթարկել էդ երեխային», - պատմում է նա:

Մեքենայում մանկական նստատեղ չէր եղել. մեկ այլ պատահար էլ դժբախտ ավարտ էր ունեցել. 2018-ի ապրիլին տեղի ունեցած վթարը 1 տարեկան երեխայի մահվան պատճառ էր դարձել։ Դեպքը ցնցեց համացանցն ու #CarSeatGivesChance նախաձեռնության մեկնարկի առիթը դարձավ։ Օգտատերերը սկսեցին այդ հեշթեգով լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։

Նախաձեռնության նպատակը մանկական նստատեղերի կիրառումը զանգվածային դարձնելն էր, ծնողներին հիշեցնելը՝ մանկական նստատեղը անհրաժեշտություն է, երբ մեքենայում երեխա կա։ Գործադիրն ապրիլի 11-ի նիստում հաստատեց. մանկական նստատեղի առկայությունը մեքենայում պարտադիր է մինչև 7 տարեկան երեխաների երթևեկման դեպքում։ Դեռ գործող կարգավորմամբ՝ պարտադիր պահանջը մինչև 12 տարեկան երեխաների համար է։ Նոր փոփոխությամբ՝ այդ տարիքի երեխաները, եթե առջևի նստատեղում չեն նստում, պետք է ամրակապվեն։

«Եթե օրենք ենք խստացնում, պետք է կարողանանք որոշակի վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ օրենքը կիրառվի, այլապես անիմաստ ժամանակ ու ռեսուրս են ծախսում օրենք հորինելու կամ օրենքը սահմանելու վրա», - ասում է Դավիթ Պեդանյանը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության թերահավատ է. դժվար է վերահսկել՝ արդյոք մեքենաներում մանկական նստատեղեր կան, թե ոչ․ - «Մեզ մոտ՝ Հայաստանում, մեքենաների մեծ մասի հետևի ապակիները մգեցված են ու ֆիզիկապես հնարավոր չէ, որպեսզի ճանապարհային ոստիկանը մինչև մեքենան կանգնեցնելը տեսնի՝ երեխա կա ներսում, թե չէ, ամրակապված է, թե չէ»:

Ոստիկանությունից վիճակագրություն չեն տալիս, թե մանկական նստատեղի բացակայությամբ քանի վթար է եղել և դրանց հետևանքով քանի երեխա է տուժել, բայց համոզված են՝ ոստիկանությունը կարող է իրականացնել վերահսկողություն:

«Վերահսկողության մեխանիզմները ոչ միայն տեսնելն է: Իհարկե, լավ է, որ նախապես կանխարգելվի, բայց կա նաև, այսպես ասած՝ պատահարից հետո արարքի գնահատման ընթացակարգ, որը կարող է իրականացվել այստեղ», - ասում է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Մալխասյան:

4 անչափահաս երեխա ունեցող Կարեն Սուքիասյանը դեմ չէ մանկական նստատեղերի կիրառմանը, սակայն ասում է՝ մինչ այդ մարդկանց այլընտրանքի հնարավորություն պետք է տալ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին՝ պետական աջակցություն․ - «Դա պետք է վերջի փուլում լիներ: Այն դեպքում, երբ տրանսպորտը ապահովված չի երեխաների անվտանգ տեղափոխման բոլոր անհրաժեշտ միջոցներով միանգամից պարտադրել մարդկանց տեղադրել, հավելյալ ֆինանսական պրոբլեմներ ստեղծել մարդկանց համար, կարծում եմ, մի քիչ շուտ է»:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն էլ հավելում է՝ «Էս պարագայում մենք չունենք հասարակական տրանսպորտ ու մարդը 3, 4 երեխա ունենալու դեպքում այլընտրանք չունի: Այսինքն, եթե մենք առաջարկում ենք, ասում ենք դու պարտադիր քարսիթով երթևեկի, կամ օգտվի հասարակական տրանսպորտից, որը ավելի անվտանգ է, մենք պետք է, առնվազն, այդ հասարակական տրանսպորտը տանք»:

«Ես 4 երեխա ունեմ, մեքենան ունի 7 նստատեղ, մենք ունենք 4 քարսիթ, մեծ տղաս մեծ ա, դրա համար ունի էդ բուսթեր կոչվածը», - պատմում է Հայկ Զալիբեկյանը:

Մանկական նստատեղերը գրեթե միշտ մեքենայում են, Հայկը հանում է դրանք, երբ երեխաների հետ չէ։

Մանկական նստատեղերի կարգավորման վերաբերյալ խոսակցությունները հանրային բուռն քննարկումների առիթ էին դարձել. Պատճառը դրանց ոչ ցածր գինն էր ու 3-ից ավելի երեխա ունեցող ծնողների մտահոգությունը. մեքենայում այդքան քարսիթ ինչպե՞ս են տեղավորելու։

«Սա էժան բանի չի շատերի համար, սրա արժեքը 350 դոլար է, բայց մի անգամ՝ 11 տարվա համար», - ասում է Հայկ Զալիբեկյանը:

Մանկական նստատեղեր, ի դեպ, տաքսիներում ևս պետք է լինեն, եթե ուղևորների շարքում նաև երեխա կա. մեր ուսումնասիրությունը ցույց տվեց՝ կարգավորմանը ոչ բոլոր տաքսի ծառայություններն են հետևում: Իսկ կարգավորումն անտեսելը 5000 դրամ տուգանք է նախատեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG