Մատչելիության հղումներ

Պորոշենկո-Զելենսկի հեռախոսային բանավեճը վերածվել է լեզվակռվի


Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի
Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի

Քանի դեռ Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու նախընտրական դեբատների անցկացումը հարցականի տակ է` Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած այս գործիչները տարերայնորեն բանավիճում են հեռախոսով:

Ուկրաինայի և թերևս ողջ հետխորհրդային տարածքի համար աննախադեպ այս վեճը, որն արագորեն վերածվեց լեզվակռվի, ծավալվեց երեկ երեկոյան ուկրաինական 1+1 հեռուստաալիքի եթերում:

Ամեն ինչ սկսվեց այն պահին, երբ «Իշխանության իրավունք» ամենշաբաթյա թոք-շոուին հյուրընկալված Պետրո Պորոշենկոն որոշեց հեռուստաեթերից դիմել իր մրցակցին:

«Պարոն Վլադիմիր, ես, հաղորդավարուհու թույլտվությամբ, հրավիրում եմ Ձեզ դեբատների այստեղ, այս տաղավարում, այսօր: Այժմ երեկո է, քաղաքում խցանումներ չկան, ուստի Դուք կարող եք հեռուստաընկերություն հասնել 40 րոպեում: Կարծում եմ, որ միլիոնավոր ուկրաինացիներ արժանի են նման դեբատների ականատեսը դառնալ: Մի վախեցեք», - դիմելով Զելենսկուն՝ հայտարարում էր Ուկրաինայի նախագահը:

Պորոշենկոն նաև առաջարկում էր, որ հեռուստաեթերում կազմակերպված բանավեճից հետո դրանք շարունակվեն ապրիլի 14-ին Կիևի խոշորագույն «Օլիմպիյսկի» մարզադաշտում, իսկ բանավեճի վերջին` երրորդ փուլը դառնա նախագահության թեկնածուների հանդիպումը Ուկրաինայի հանրային հեռուստատեսության ուղիղի եթերում ապրիլի 19-ի երեկոյան:

1+1 հեռուստաընկերության աշխատակիցները արագորեն կապ հաստատեցին Վլադիմիր Զելենսկու հետ, և պարզ դարձավ, որ չեն համընկնում երկու թեկնածուների ոչ միայն օրակարգերը, այլև՝ գտնվելու վայրերը:

«Պյոտր Ալեքսեևիչ Պորոշենկոն քաջատեղյակ է, որ ես այժմ գտնվում եմ Փարիզում: Երբ ես մեկնում էի օդանավակայան, ինձ ուղեկցում էին նրա անվտանգության ծառայության չքնաղ ավտոմեքենաները», - հայտարարում էր Զելենսկին` պնդելով, որ ուրբաթ օրը Փարիզում հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

«Զարմանալի է, որ նախագահն իմանալով երկրից իմ բացակայության մասին` հրավիրում է ինձ հեռուստատեսային դեբատների», - նշում էր Զելենսկին:

«Ինչ վերաբերում է բանավեճին, ապա մենք պայմանավորվել ենք: Ես պարոն Պորոշենկոյին առաջարկել եմ այդ բանավեճն անցկացնել «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին: Նա ասել է` «մարզադաշտ եք ուզում, կլինի մարզադաշտ», և ընդունել է իմ ներկայացրած պահանջները: Այնպես որ, հրավիրում եմ պարոն Պորոշենկոյին այն բանավեճին, որ ինքն է հենց հաստատել` ապրիլի 19-ին «Օլիմպիյսկի» մարզադաշտում, մեծ ուրախությամբ», - նշում էր Զելենսկին:

Այս պահից սկսած իրավիճակը 1+1 հեռուստաընկերության տաղավարում սկսեց դուրս գալ վերահսկողությունից: Նախ Պորոշենկոն փորձում էր առանց նյարդայնանալու պատասխանել Զելենսկուն, սակայն նախկին ԿՎՆ-ականը անդադար ընդհատում էր Ուկրաինայի նախագահին:

Պորոշենկոն շարունակում էր պնդել, որ բանավեճը մարզադաշտում պետք է կայանա ապրիլի 14-ին, սակայն Զելենսկին շարունակում էր նրան ընդհատել: Ուկրաինայի նախագահի հարցին էլ, թե արդյոք նա ավարտել է իր միտքը, նախագահի թեկնածուն հակադարձեց․ - «Այդ Դուք եք ավարտելու ապրիլի 22-ին: Ես կավարտեմ հինգ տարի հետո»:

Մոտ 40 միլիոն բնակիչ ունեցող երկրի կառավարմանը հավակնող երկու գործիչների բանավեճն էլ ավարտվեց միանգամայն անսպասելիորեն, երբ Վլադիմիր Զելենսկին պարզապես անջատեց հեռախոսը` մեկ անգամ ևս պնդելով, որ բանավեճը պետք է կայանա ապրիլի 19-ին:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Վերջին սոցհարցումների համաձայն՝ ուկրաինացի ընտրողների մեծամասնությունը երկրորդ փուլում իր քվեն տալու է կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկուն: Չի բացառվում, որ նրա ցուցանիշը կրկնակի ավելին լինի, քան գործող նախագահ Պետրո Պորոշենկոյինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG