Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը լկտիացել է և Բելառուսի ձեռքերն է ոլորում»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկա, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկա, արխիվ

Մոսկվայի և Մինսկի հարաբերություններում նորից լարվածություն է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան հայտարարել է, որ բելառուսական արտադրանքի ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի որոշումը գործնականում հավասարազոր է պատժամիջոցի:

Ապրիլի 10-ին "Россельхознадзор"-ն արգելել է Բելառուսից խնձորի և տանձի ներմուծումը, իսկ ավելի վաղ՝ մարտի վերջին, արգելել է նաև Բելառուսի տարածքով թուրքական արտադրության տանձի ներմուծումը:

«Մենք պարտավոր ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել, թե չէ ամեն անգամ, երբ մեր ձախ ծնոտին ապտակ են տալիս, մենք աջն ենք դարձնում», - ասել է զայրացած Լուկաշենկան:

Բելառուսի նախագահը կշտամբել է ռուսներին՝ զարմանք և վրդովմունք հայտնելով այն կապակցությամբ, որ պատժամիջոցների տակ գտնվող Մոսկվան նույն մեթոդն է գործադրում:

«Հենց նրանք են հիմա պատժամիջոցների տակ և դատապարտում են դա, և ես նրանց այդ հարցում աջակցում եմ, բայց արի ու տես, որ նրանք այդ նույն զենքը կիրառում են իրենց ամենամերձավոր դաշնակիցների դեմ», - ասել է Բելառուսի ղեկավարը:

Նոր վեճը ծագել է այն բանից հետո, երբ ռուսները բելառուսներից պահանջել են վերանորոգել Բելառուսի տարածքով անցկացված նավթատար խողովակաշարերը, որոնցով ռուսական էներգակիրները փոխադրվում են Եվրոպա:

«Ուզում եք վերանորոգել՝ վերանորոգեք, այլապես Ռուսաստանի համար մեր արած բարի գործերին նրանք չարիքով են պատասխանում: Այնքան են լկտիացել, որ սկսել են մեր ձեռքերը ոլորել», - ասել է Լուկաշենկան:

Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում Բելառուսի նախագահն ասել է, որ չի կարելի ենթարկվել խողովակաշարերը նորոգելու Մոսկվայի պահանջներին:

«Այդ խողովակաշարերը վաղուց էր պետք փակել, բայց մենք դրանք պահպանում էինք, սպասարկում, գիտակցելով, որ դրանցով է փոխադրվում Ռուսաստանի հիմնական արտահանումը», - նեղսրտել է Լուկաշենկան:

Նրա մեկնաբանություններին արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, թե «ռուս-բելառուսական հարաբերությունների քննարկումը պահանջում է ուրիշ տոնայնություն, այնպիսին, որը կհամապատասխաներ երկու դաշնակիցների կապերին»:

Միաժամանակ, նա նշել է, թե Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում Լուկաշենկայի զգացական պոռթկումներին, «քանի որ դրանք երկու երկրների հաստատած առանձնահատուկ սերտ կապերի շրջանակում են»:

Պեսկովը նաև ընդգծել է, որ Մոսկվան Մինսկի նկատմամբ երբևէ պատժամիջոցներ չի սահմանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG