Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ նախագահը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետի Ստրասբուրգ այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ Եվրախորհրդի պաշտոնյաների հետ, ելույթը ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում են Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն՝ այսօր հանդիպելով Ստրասբուրգ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԵԽԽՎ նախագահը գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում Եվրոպայի հրապարակի բացմանը: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG