Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին Իտալիայի Պատգամավորների պալատի բանաձևը


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքում նախօրեին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից բանաձևի ընդունմանը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է իտալացի օրենսդիրների որոշումը՝ շեշտելով, թե «այդ բանաձևը հայկական պնդումները ներքաղաքական շահերի համար գործիք դարձնելու հերթական օրինակն է»:

«Զարմանալի չէ, որ օրինագիծը պատրաստվել է Մատեո Սալվինիի գլխավորած «Լեգա» կուսակցության կողմից, որը լծված է թուրք-իտալական հարաբերությունները սաբոտաժի ենթարկելու գործին: Զարմանալի ու ցավալի է, որ խորհրդարանը գործիք է դարձել Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության դիրքերն ամրապնդելուն ուղղված այս խաղում», - մասնավորապես ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: - «Այս բանաձևը մեր երկրի հետ պատմական առնչություններ, առևտրային սերտ համագործակցություն ունեցող և ռազմավարական դաշնակից Իտալիայի հետ մեր հարաբերությունների վրա անխուսափելի ազդեցություն կունենա»:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թվիթերում գրել է, թե իտալացի պատգամավորների ընդունած բանաձևը ներքաղաքական նպատակներ է հետապնդում և Եվրախորհրդարանի ընտրություններում «Լեգա» կուսակցության համար ձայներ շահելու միջոց է:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս արձագանքել է Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած բանաձևին՝ երեկ ուշ երեկոյան իր թվիթերյան էջում գրելով. - «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և նոր թշնամություն սերմանում»։

Երեկ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձև, որում կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միջազգային մակարդակում հնչեղություն տալ այդ հարցին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG