Մատչելիության հղումներ

Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից կոչ արեց Եվրոպայի խորհրդին աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 11-ը ապրիլի, 2019թ․

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարևորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության և ընդհանրապես տարածաշրջանի համար, այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:

«Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաև հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ: Իհարկե, չափազանց կարևոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական և դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի նաև հանրությունների միջև, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատեց՝ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Սա, ըստ Փաշինյանի, այն բանաձևն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը:

«Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք: Սիրելի ներկաներ՝ պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինի երկխոսությանը, սադրանքը պետք է փոխարինի կառուցողական աշխատանքին: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաև պատերազմներ հրահրելու համար», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ այդ քննարկումների և փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար: Այսօր էլ, ցավոք, ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը: Հարկ է հիշել նաև, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության և բովանդակության մեջ և որևէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց նրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի և մարդկային ճակատագրերի հետ: Այս է պատճառը, որ մենք համարել և համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից: Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսության հարթակ ձևավորելու համար և մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»:

Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծեց՝ ասվածն ամենևին չի նշանակում, թե ԵԽ-ն Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի և կոչ արեց Եվրոպայի խորհրդին աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին: ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն: Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը, և այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի և ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ. աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG