Մատչելիության հղումներ

Փաշինյանն այսօր ելույթ կունենա ԵԽԽՎ նիստում


Երեկ ուշ երեկոյան Ստրասբուրգ է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր նա առաջին անգամ ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում:

Վարչապետի մոտ քսան րոպեանոց ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14։00-ին, ապա Փաշինյանը պատասխանելու է ԵԽԽՎ անդամների հարցերին: Հայաստանի ղեկավարին հարցեր ուղղելիս որպես կանոն ակտիվ են լինում Ադրբեջանի պատվիրակության անդամները, որոնք արդեն գրանցվել են:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վերջին անգամ որպես Հայաստանի ղեկավար այս ամբիոնից ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը անցած տարի հունվարին` իր պաշտոնավարման ավարտին, մասնավորապես նշելով. - «Հպարտությամբ կարող եմ հայտարարել՝ մենք կատարել ենք Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած՝ Հայաստանի ժողովրդավարացման հիմնական հանձնառությունները»:

2013-ին էլ Սերժ Սարգսյանին այս դահլիճում սկանդալային հարց էր տվել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ճշտելով՝ արդյո՞ք Սարգսյանը կազինոյում տասնյակ հազարավոր եվրոներ է պարտվել:

Այսօր Ֆրանսիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը լրագրողների համար հայտարարությամբ են հանդես գալու:

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, բացվելու է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» անվանումով լուսանկարների ցուցահանդեսը, միջոցառմանը Հայաստանի վարչապետին ուղեկցելու են ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը:

Այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին են մասնակցում նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները` «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը:

Երեկ էլ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս նստաշրջանի մյուս բարձրաստիճան հյուրը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG