Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ ԵԽ-ը ևս արժեքավոր նպաստ է բերում Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցմանը


ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետին ողջունում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Ստրասբուրգ, 23-ը հունվարի, 2018թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան ժամանել է Ստրասբուրգ:

Հայաստանի նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միքելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:

Մինչ հանդիպումը Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»: «Ամեն անգամ մեծ պատիվ ու պատասխանատվություն եմ զգում Եվրոպայի խորհրդում՝ մարդու իրավունքների այս յուրահատուկ դարբնոցում գտնվելիս։ Կառույց, որի ներքո են առաջ մղվում այն արժեքները, որ կոչված են ապահովելու մարդու ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը: Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության 17-ամյակի նախօրեին իմ այս այցը ևս մեկ առիթ է հաստատելու Հայաստանի հանձնառությունն այդ արժեքներին: Հավատալով մեր կառույցի ապագային՝ գտնում ենք, որ տարածաշրջանում և դրանից դուրս կարևոր մարտահրավերներին առերեսվելիս՝ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն պետք է խոսեն նույն լեզվով՝ հանուն մեր Կազմակերպության միասնության և հեղինակության», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ գրել է նա։

Այնուհետև Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ, նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են Թորբյորն Յագլանդը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ շրջանակներում Հայաստանի ստորագրած շուրջ յոթ տասնյակ միջազգային պայմանագրերը:

Կողմերը, մասնավորապես, ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Սերժ Սարգսյանը գրառում է կատարել նաև ԵԽ «Ոսկե գրքում»: «Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի: Մեծապես կարևորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը և համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է: Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը այդ արժեքներին, քանի որ միասնական աշխատանք ենք իրականացնում՝ հանուն ժողովրդավար և խաղաղ Եվրոպայի մեր համընդհանուր տեսլականի», - գրել է նախագահը:

Սերժ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են լրատվամիջոցների առջև հայտարարություններով:

Նախագահը իր այցը Եվրոպայի խորհուրդ համարել է խորհրդանշական, քանի որ հունվարի 25-ին լրանում է ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 17 տարին: «2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ բովանդակալից քննարկում են ունեցել, և քննարկված հարցերի շուրջ իրենց տեսակետները «շատ մոտ են միմյանց»։

«Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակցությամբ», - հայտարարել է նախագահը:

«Քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրավունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»», - նշել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը»:

«Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսությունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնականության ապահովման նպատակով», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ վերահաստատել է Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերը՝ «բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG