Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ


Խուզարկությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում: 17-ը հունիսի, 2018 թ․
Խուզարկությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում: 17-ը հունիսի, 2018 թ․

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Վերաքննիչ դատարանի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ այսօրվա որոշումը փաստաբան Արսեն Մկրտչյանի համար անսպասելի չէր. - «Ավանդական մերժում: Որոշումը դեռ չենք ստացել, մեկնաբանել չեմ կարող»:

Պաշտպանական կողմը բողոքարկել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մարտին ևս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։ Մանվել Գրիգորյանը այսօրվա նիստին ներկա չէր։ Նա մարտի 25-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ առողջական ծանր վիճակի պատճառով։

«Կա բացասական դինամիկա, ակնհայտ է, ինչը անգամ հանձնաժողովի փորձագետները չեն ժխտում: Եվ մենք ունենք այն վիճակը, որ 7 շաքարային ցուցանիշ ունեցող մարդը կալանավորվելուց հետո ունի 27 շաքարային ցուցանիշ և 110 միավոր ինսուլին է ստանում, որը նախկինում՝ մինչև կալանավորումը, չի ստացել: Ինչո՞ւ ենք շատ խոսում կոնկրետ շաքարային ցուցանշի մասին: Որովհետև մեզ թվում է, թե դա ակնառու է: Բայց կան նաև թվով երկու տասնյակից ավելի հիվանդություններ, որոնք շարունակում են ավելանալ, բարդանալ: Եվ միայն քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու հանգամանքն է, որ առողջական վիճակը քիչ թե շատ կայուն է պահում՝ վատ վիճակում: Ընդ որում, Մանվել Գրիգորյանի հիվանդությունները բուժվող հիվանդություններ չեն: Մենք խոսում ենք այն հիվանդությունների մասին, որոնք ստաբիլ վիճակում պահելը բժշկությունը, աշխարհի բժշկությունը, առաջադեմ բժշկությունը համարում է նվաճում», - նշեց փաստաբան Մկրտչյանը:

Նա շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալն արդեն մեկ անգամ եղել է ազատության մեջ և գործի քննությանը չի խոչընդոտել, ու հարց բարձրացնում, թե ինչու հիմա էլ չի կարող ազատության մեջ մնալ. - «Վարույթն իրականացնող մարմինը որևիցե հիմնավոր հիմք չունի պնդելու, որ Մանվել Գրիգորյանը խոչընդոտում է, քանզի նման բան չկա»:

Խոսելով պաշտպանական կողմի հետագա քայլերի մասին՝ Մկրտչյանն ասաց. - «Մենք ունենք ընթացքում նաև առաջին ատյանում գրավի միջնորդություն: Չգիտեմ ճիշտն ասած՝ կգնա՞նք վճռաբեկ, թե՞ չէ: Օրերս արդեն սպասվում է, որ գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան, և ըստ օրենքի, առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը: Նորից կբարձրաձայնենք: Բացի դրանից, պետությունը պատասխան է ներկայացրել Եվրոպական դատարան, և մեր գործընկերները հիմա աշխատում են դրա վրա, դիրքորոշումներ են հայտնում: Ըստ հավանականության, միջազգային կառույցներով, ներպետական ատյաններով կփորձենք պատշաճ իրականացնել պատշպանությունը»:

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG