Մատչելիության հղումներ

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ էլեկտրոնային կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու համար. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018-ի սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:

«Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը։ Մասնավորապես՝ 34-ամյա տղամարդը, ով տարիներ շարունակ աշխատել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող ՍՊ-ում, որոշել է իր գործունեությունը շարունակել համացանցի միջոցով: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կեղծ ավիատոմսերը ձեռք բերած անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացել է 34-ամյա տղամարդու կողմից բացված կայքի մասին: Դեպի Ուկրաինա չվերթի տոմսեր ձեռք բերելու նպատակով կինը զանգահարել է կայքում նշված բջջային հեռախոսահամարին և պատվիրել Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս՝ ընդհանուր 207 000 դրամ արժեքով: Պարզվել է, որ տղամարդն էլեկտրոնային կեղծ ավիատոմսերը պատրաստել է իր մոտ եղած ավիատոմսի օրինակով և համակարգչի օգնությամբ: Հետագայում տոմսերը պատվիրած քաղաքացին օդանավակայանում պարզել է, որ իր անվամբ ինքնաթիռի էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրումներ չեն կատարվել», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի [Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը] 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG