Ղազախստանի նախագահի պաշտոնակատար Քասիմ-Ժոմարտ Տոկաևը արտահերթ ընտրություններ նշանակեց՝ դրանք կանցկացվեն հունիսի 9-ին: Տոկաևը այդ մասին հայտարարեց երեկ իր տեսաուղերձում՝ երաշխավորելով, որ ընտրություններն ազատ ու արդար կանցնեն:
Սենատի նախկին նախագահ Տոկաևը երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Ղազախստանի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: Մարտի 19-ին, Նազարբաևի անսպասելի հրաժարականից հետո, արտահերթ ընտրությունների մասին չէր խոսվում, և ենթադրվում էր, որ Տոկաևը նախագահի պարտականությունները կկատարի մինչև նախագահական հերթական ընտրությունները, որոնք անցկացվելու էին 2020 թվականի գարնանը:
Տոկաևը իր տեսաուղերձում ասել է, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումն ընդունել է՝ խորհրդակցելով Նազարբաևի հետ, ով նախագահի պաշտոնից հրաժարականից հետո Անվտանգության խորհրդի ղեկավարն է:
«Սոցիալական և քաղաքական համաձայնությունները պահպանելու, առաջընթացի, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է թույլ չտալ որևէ անորոշություն», - ասել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ընդգծելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը կարևոր է և անհրաժեշտ:
Նա չի ասել, թե առաջադրվելո՞ւ է արդյոք արտահերթ ընտրություններին, և, ըստ էության, իր տեսաուղերձում չէր կարող ասել, քանի որ ըստ Ղազախստանի օրենսդրության՝ նախագահի թեկնածուներն առաջադրվում են համապետական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների կողմից:
Սենատի նախագահը հիմա Նազարբաևի ավագ դուստրն է՝ Դարիգա Նազարբաևան: Նա դիտարկվում էր որպես նախագահի հավանական թեկնածու, բայց նրա խորհրդականը երեկ ասել է, թե Դարիգա Նազարբաևան նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն չունի:
Երկու ամսից արտահերթ ընտրություններ նշանակելը նվազեցնում է ընդդիմության շանսերը՝ նրան ժամանակ չտալով լիարժեքորեն նախապատրաստվելու ընտրություններին մի երկրում, որտեղ առանց այդ էլ իշխող կուսակցությունը մեծ ներուժ ունի:
Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հայտարարությունը հաջորդում է Ղազախստանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերին: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են երկրի շարքային քաղաքացիների պահանջները և կարիքներն անտեսելու մեջ: